Փաստաբանը Րաֆֆի Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակային հարց է ուղղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ «որտե՞ղ են Սոնա Մնացականյանի վրաերթի գործով ռադիոկապի ձայնագրությունները»։
Նա նշել է, որ նման հարց տալու հիմք են ծառայել Սամվել Կարապետյանի շուրջ «անթաքույց պատվերով ծավալվող քաղաքական իրադարձությունները»։
«Բարերար Սամվել Կարապետյանի շուրջ Նիկոլ Փաշինյանի ուղիղ և անթաքույց պատվերով ծավալվող քաղաքական իրադարձությունները ինձ հիմք ու իրավունք են տալիս վերջինիս հրապարակայնորեն մի հարց ուղղել. Նիկո’լ, Սոնա Մնացականյանի վրաերթի գործով ու՞ր են անհետացել քեզ ուղեկցող ավտոշարասյան մեքենաների մեջ դեպքի պահին եղած ռադիոկապի ձայնագրությունները, ինչու՞ ես թաքցրել դրանք, ի՞նչ մեղսակցություն ունես այդ վրաերթին….»,–ասվում է գրառման մեջ։
2022–ի ապրիլի 26-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանության ուղեկցող սպայական վաշտի հրամանատարը, վարելով «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենա, վրաերթի է ենթարկել Արարատի մարզի 28-ամյա բնակչուհուն։ Վերջինս ստացել է ծանր մարմնական վնասվածքներ և տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով մահացել է։ Վթարի պահին ավտոշարասյունը ուղեկցելիս է եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Մահացած կինը հղի էր։