19 հունիսի 2025 - 18:13 AMT
Չինաստանի ավելի քան 600 քաղաքացի ՀՀ տարածքով է հեռացել Իրանից

Իսրայել-Իրան հակամարտության ֆոնին Իրանից Հայաստան է տեղափոխվել Չինաստանի ավելի քան 600 քաղաքացի։ Այդ մասին հայտնել են Հայաստանում Չինաստանի դեսպանատնից, տեղեկացնում է Արմենպրեսը։

«Հունիսի 18-ի երեկոյի դրությամբ Չինաստանի ավելի քան 600 քաղաքացի Իրանից Հայաստան է անցել «Ագարակ» սահմանային անցակետով»,- հայտնել են դեսպանատնից՝ պատասխանելով այն հարցին, թե Չինաստանի քանի՞ քաղաքացի է Իրանից տարհանվել Հայաստանի տարածքով։

Իրանում Չինաստանի դեսպանատունը հունիսի 17-ին կոչ էր արել Չինաստանի քաղաքացիներին հեռանալ երկրից։ Դիվանագիտական առաքելությունը նշում էր, որ կա վտանգ, որ կփակվեն նաև Իրանի ցամաքային սահմանները։ Ծանուցման մեջ թվարկվել էին Հայաստանը, Թուրքիան և Թուրքմենստանը՝ որպես Իրանից հեռանալու ուղիներ։

Հայաստանի տարածքով Իրանից իր քաղաքացիների մի խմբի տարհանել էր նաև Հնդկաստանը։ Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը հայտնել է, որ Հայաստանի տարածքով Իրանից տարհանվել է Հնդկաստանի 110 քաղաքացի։

Որպես իր քաղաքացիների համար Իրանից տարհանման ուղի Հայաստանը նշել է նաև ՌԴ դեսպանատունը իր հայտարարության մեջ։

Photo. Reuters