Հունիսի 19-ին Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ Իրանի ներկայիս գերագույն առաջնորդ Ալի Խամենեին «չպետք է շարունակի գոյություն ունենալ», քանի որ, ըստ նախարարի, նա ղեկավարում է մի պետություն, որի նպատակը Իսրայելի ոչնչացումն է։
«Խամենեիի նման բռնապետը, ով գլխավորում է Իրանի պես երկիր և որի առաքելությունը դարձել է Իսրայելի ոչնչացումը, չպետք է շարունակի գոյություն ունենալ», –հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը, հայտնում է Deutsche Welle-ն։
Նա հավելել է, որ Իսրայելի պաշտպանության բանակն արդեն «հրահանգներ է ստացել» և գիտի, որ «իր բոլոր նպատակներին հասնելու համար այս մարդը չպետք է շարունակի գոյություն ունենալ»։
Կացը նաև մեղադրել է այաթոլլա Ալի Խամենեիին Իսրայելի դեմ ագրեսիվ գործողություններում։ Նրա խոսքով՝ Խամենեին «բացեիբաց հայտարարում է, որ ուզում է ոչնչացնել Իսրայելը, նա անձամբ հրամայում է ռմբակոծել հիվանդանոցները։ Նա Իսրայելի պետության ոչնչացումը իր նպատակն է համարում»,–ասել է Կացը՝ մեկնաբանելով Իրանի կողմից Իսրայելի բժշկական կենտրոնի վրա իրականացված հարվածը։
Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն վստահություն էր հայտնել, որ Իրանի գերագույն առաջնորդի վերացումը չի հանգեցնի նոր էսկալացիայի, այլ, ընդհակառակը, կավարտի հակամարտությունը։
«Մենք ունենք կեսդարյա հակամարտություն, որը տարածում է այս ռեժիմը, որն ահաբեկում է բոլորին Մերձավոր Արևելքում։ Նա ռմբակոծել է «Արամքոյի» նավթահանքերը Սաուդյան Արաբիայում, տարածում է ահաբեկչություն, ապակայունացնող գործողություններ և սաբոտաժ ամենուր։ Իրանը ցանկանում է «հավերժական պատերազմ», նա մեզ հասցնում է միջուկային պատերազմի եզրին։ Իրականում Իսրայելը կանխում է դա՝ վերջ դնելով այս ագրեսիային, և մենք կարող ենք դա անել միայն ընդդիմանալով չարի ուժերին»,–ասել էր նա։
Հարցին, արդյոք Իսրայելը իսկապես Խամենեիին է համարում թիրախ, վարչապետը պատասխանել է, որ իր երկիրը «անում է այն, ինչ պետք է»։
Reuters գործակալությունը, հղում անելով ամերիկյան աղբյուրի վրա, հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առայժմ վետո է դրել Իսրայելի պլանի վրա՝ վերացնելու այաթոլլա Ալի Խամենեին։ Մեկնաբանելով այդ տեղեկությունը՝ Նեթանյահուն նշել է, որ տարածվում է «այնքան շատ կեղծ տեղեկատվություն այն խոսակցությունների մասին, որոնք երբեք տեղի չեն ունեցել»։
Հունիսի 19-ի գիշերը Իրանը նոր հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելի տարածքին։ Մեկ հրթիռ հարվածել է Բեեր Շևայի «Սորոկա» հիվանդանոցին՝ վիրավորելով ավելի քան 50 մարդու։
Ի պատասխան՝ նույն գիշերը Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել Թեհրանում գտնվող իրանական օբյեկտներին։ Զինվորականների մամուլի ծառայության տվյալներով՝ հարվածների թիրախ են դարձել միջուկային զենքի մշակման և հրթիռների արտադրության հետ կապված հաստատությունները։ Մինչ այդ Իսրայելը կոչ էր արել Արաք և Խոնդաբ քաղաքների բնակիչներին տարհանվել, քանի որ այդ շրջաններում ռազմական թիրախ կդառնան «իրանական ռազմական ենթակառուցվածքները»։