20 հունիսի 2025 - 11:58 AMT
Աբրահամյան․ Իրանից եկողների նկատմամբ պետք է անհրաժեշտ վերաբերմունք դրսևորել

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Իրան-Իսրայել հակամարտության սրման փուլում քննարկումների առարկա է դարձել նաև Իրանից Հայաստան մարդկանց ներհոսքի թեման` մարդկանց փոխադրումներից մինչև անվտանգություն:

Նա նշել է, որ Իրանը մեր բարեկամ երկիրն է և «իրանցիների նկատմամբ Հայաստանում պետք է անհրաժեշտ վերաբերմունք դրսևորել»։

«Մարդկանց հոսքերի կառավարումը ենթադրում է անվտանգության ֆիլտրերի անցկացումից մինչև հումանիտար բնույթի խնդիրների կարգավորումներ:

Թեև որոշ խմբերի համար Հայաստանը զուտ տարանցիկ երկիր է` Իրանից երրորդ երկրներ գնալու համար, բայց կլինեն մեծ թվով անձինք, ովքեր ժամանակավոր կմնան ՀՀ-ում մինչև Իրանի շուրջ իրավիճակը լիցքաթափվի:

Իրանում ապրող հայերի նկատմամբ այդ երկրի իշխանությունները մշտապես ունեցել են մեծ հարգանք, Իրանը մեր բարեկամ երկիրն է և իրանցիների նկատմամբ Հայաստանում պետք է անհրաժեշտ վերաբերմունք դրսևորել»,–գրել է նա։

Իսրայելը և Իրանը շարունակաբար փոխադարձ հարվածներ են հասցնում՝ օրական մի քանի անգամ։ Թել Ավիվը խոստանում է շարունակել արշավը մինչև Իրանի միջուկային ծրագրի ամբողջական ոչնչացումը, մինչդեռ Թեհրանը սպառնում է շարունակել հրթիռակոծությունները, քանի դեռ Իսրայելը չի դադարեցրել ռմբահարումները։։