«Ռոսատոմ սերվիս» ընկերությունը («Ռոսատոմ» պետական կորպորացիայի դուստր ձեռնարկություն) 1500 տ նոր սարքավորում է տրամադրել Հայկական ԱԷԿ-ին` կայանի արդիականացման երկրորդ փուլի (մինչև 2026թ.) շրջանակներում։
ԱԷԿ-ի գործող՝ №2 էներգաբլոկի արդիականացման և շահագործման ժամկետի երկարաձգման նախագծերը էներգետիկայի ոլորտում Ռուսաստանի և Հայաստանի համագործակցության շրջանակներում առանցքային նախագծերից են, հայտնում է Sputnik Արմենիան։
Ռուսաստանյան համապատասխան կազմակերպությունների և գիտահետազոտական ինստիտուտների մասնակցությամբ՝ «Ռոսատոմ սերվիսը» մատակարարել է այս ծավալով սարքավորումներ ԱԷԿ-ի մեքենայական սրահին, աջակցել է անվտանգության համակարգերի և կառավարման ավտոմատացված համակարգերի արդիականացման գործընթացին, իրականացրել է ռեակտորի կորպուսի մշակում, ինչը հնարավոր է դարձրել դրա շահագործման ժամկետի երկարաձգումը։
Արդիականացման արդյունքում ոչ միայն հնարավոր է դարձել երկարացնել շահագործման ժամկետը, այլև էներգաբլոկի հզորությունը 380-390 մեգավատից հասել է 440 մեգավատի։
2023 թվականին «Ռոսատոմ սերվիսը» և «Հայկական ԱԷԿ» փակ բաժնետիրական ընկերությունը ստորագրել են համաձայնագիր կայանի շահագործման ժամկետը երկարաձգելու մասին մինչև 2036 թվականը։ Շահագործման ժամկետի երկրորդ երկարաձգման համար նախատեսված աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են։
Հայկական ԱԷԿ-ը երկրի էլեկտրաէներգիայի արտադրության մոտ մեկ երրորդն է ապահովում։ ՀՀ իշխանություններն էլ նախատեսել են մինչև 2036 թվականը կառուցել նոր էներգաբլոկ՝ գործողների փոխարինման նպատակով։