«Դատալեքս» դատական-տեղեկատվական հարթակում հայտնվել է տեղեկություն, ըստ որի՝ Հայաստանի երկրորդ նախագահի՝ Ռոբերտ Քոչարյանի ավագ որդու՝ Սեդրակ Քոչարյանի վերաբերյալ գործը փոխանցվել է Հակակոռուպցիոն դատարան։
Մեղադրանքի համաձայն՝ Սեդրակ Քոչարյանը՝ հանդիսանալով «ԼԼ Բիմբո» ՍՊ ընկերության համահիմնադիր, ունեցել է այդ ընկերության գործադիր տնօրենի որոշումներին ազդելու հնարավորություն և, օգտվելով դրանից, իր հետ փոխկապակցված անձ Սերժ Ազատի Սարգսյանին աջակցություն է ցուցաբերել՝ օրենքով արգելված ձեռնարկատիրական գործունեությանը ներգրավվելու և առանձնապես խոշոր չափով կաշառք ստանալու հարցում, հայտնում է Factor.am-ը։
Նշվում է, որ, փորձելով թաքցնել կաշառքի միջոցով հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի հանցավոր ծագումը, դրա իրական բնույթն ու աղբյուրը, տնօրինման եղանակները, ինչպես նաև դրա հանդեպ գոյություն ունեցող իրավունքներն ու պատկանելությունը, Սեդրակ Քոչարյանը գույքին օրինական տեսք տալու նպատակով իրականացրել է մի շարք բանկային փոխանցումներ, կատարել տնօրինման գործողություններ և օգտագործել եկամուտները՝ գույք ձեռք բերելու համար։
Գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել նաև Ալեքսան Ոսկանյանին։ Ըստ մեղադրանքի՝ նա, լինելով «ԼԼ Բիմբո» ՍՊ ընկերության գործադիր տնօրեն և հանդես գալով ընկերության անունից, այդ թվում՝ ներկայացնելով վերջինիս շահերը ու լիազորված լինելով կնքել գործարքներ, միջոցներ տրամադրելով ու խոչընդոտներ վերացնելով օժանդակել է Սերժ Սարգսյանին՝ օրենքով արգելված ձեռնարկատիրական գործունեությանը մասնակցելու և առանձնապես խոշոր չափով կաշառք ստանալու գործում։ Այնուհետև, նույն եղանակներով աջակցել է նաև Սեդրակ Քոչարյանին՝ նպաստելով նրան, որպեսզի վերջինս կարողանա քողարկել հանցավոր ճանապարհով ստացված գույքի ծագումը, իսկ բանկային փոխանցումների միջոցով այդ միջոցներն օրինական տեսք են ստացել՝ ուղարկվելով Սեդրակ Քոչարյանի անձնական հաշվին՝ «ԼԼ Բիմբո» ընկերության անունից։
Երկու մեղադրյալների նկատմամբ էլ որպես խափանման միջոց կիրառվել է երկրից բացակայելու արգելքը։ Գործը մակագրվել է դատավոր Վահե Դալմազյանին։