20 հունիսի 2025 - 14:03 AMT
Օվերչուկ․ Մտավախություն ունենք, որ ԵՄ–ին անդամակցելու դեպքում ՀՀ երկինքը կփակվի ՌԴ համար

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումում հայտարարել է, որ Ռուսաստանը մտավախություն ունի, որ եթե Հայաստանը գնա եվրոինտեգրման ուղիով, դա կարող է հանգեցնել նրա օդային տարածքի փակման ՌԴ համար, ինչպես դա արդեն տեղի ունեցավ ԵՄ դեպքում։

«Նայեք, այսօր մենք ԵՄ‑ի հետ օդային հաղորդակցություն չունենք։ ԵՄ‑ն փակել է երկինքը ռուսական օդանավերի թռիչքների համար: Հայաստանը նույնպե՞ս կփակի։ Եթե դուք ԵՄ‑ում եք, ապա այո, որովհետև Բրյուսելում կասեն՝ փակեք երկինքը, և դուք կհնազանդվեք, այլընտրանք չի լինի։ Եվ ի՞նչ»,–ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ–ը։

Բացի դրանից, Օվերչուկը նախազգուշացրել է, որ այդ սահմանափակումը կանդրադառնա բազմաթիվ թռիչքների վրա, ինչպես նաև բեռնափոխադրման համակարգը կարող է խափանվել։

«Այդ հարյուրավոր շաբաթական թռիչքները ո՞ւր կմղվեն։ Թբիլիսիով կանցնեն։ Նույնը տեղի կունենա ցամաքային սահմանին՝ գիտեք, հայկական ֆուրը կհասնի Վերին Լարս, ապա բեռը կփոխանցվի բելառուսական կամ ռուսական բեռնատար, որը կտեղափոխի բեռը ՌԴ, իսկ հայ վարորդը կվերադառնա Հայաստան։ Սա իրականում կարող է տեղի ունենալ։

Այս ամենի վրա ուշադրություն պետք է դարձնել, մտածել է պետք այդ հարցերի շուրջ: Մենք մտածում ենք այդ մասին, գնահատում իրավիճակը»,–ընդգծել է նա։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ Հայաստանի հնարավոր անդամակցությունը Եվրոպական միությանը անհամատեղելի է նրա անդամակցությանը Եվրասիական տնտեսական միությանը։

Մարտի 26-ին Հայաստանի Ազգային ժողովը երկրորդ և վերջնական ընթերցմամբ հավանություն է տվել ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագծին։ Հայաստանի կառավարությունը հունվարի 9-ին հավանություն էր տվել Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին նախագծին, որը ներկայացրել էր «Եվրաքվե» քաղաքացիական նախաձեռնությունը։ Սակայն ԵՄ-ն դեռևս պաշտոնական հրավեր չի ուղղել Հայաստանին՝ անդամակցության վերաբերյալ, իսկ ընդդիմադիր ուժերը փաստաթուղթը անվանել են իրավական առումով անհեթեթ։ ՀՀ նախագահը ստորագրել է օրենքը։