Մոսկվան ափսոսանք է հայտնել այն առնչությամբ, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անձամբ ներկա չի լինելու Մինսկում կայանալիք Եվրասիական տնտեսական միության առաջիկա նիստին։ Այդ մասին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նա նշեշտել է, որ ՀՀ–ն ԵԱՏՄ կարևոր անդամ է, գրում է ՌԻԱ Նովոստին։
«Ցավալի է, իհարկե։ Բայց ամեն դեպքում, տեսակապի միջոցով Հայաստանը ներկա կլինի։ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, կարևոր», — հայտարարել է Պեսկովը լրագրողների հետ զրույցում Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակներում։
Հունիսի 27-ին նախատեսվում է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստ։
Բելառուսի արտաքին գործերի նախարար Մաքսիմ Ռիժենկովը, ելույթ ունենալով լրագրողների առջև նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի մոտ անցկացված խորհրդակցությունից հետո, մանրամասներ է ներկայացրել այն մասին, թե որ երկրների ղեկավարներն են ժամանելու Մինսկ՝ մասնակցելու Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին և Եվրասիական տնտեսական ֆորումին։ Նա հայտնել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի միջոցառմանը տեսակապով։