20 հունիսի 2025 - 15:38 AMT
Կարգելվի սիգի ձկնկիթի արտահանումը

Սահմանվել է ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք։ Որոշումն ընդունվել է կառավարության նիստում։

Որոշման ընդունումը պայմանավորված է երկրում պարենային ապահովության ապահովման անհրաժեշտությամբ, ինչպես նաև Սևանա լճում ձկնային պաշարների կայուն շահագործման ու կենսաբազմազանության պահպանման պահանջով։

Հիմնավորման մեջ նշվել է, որ վերջին տարիներին Սևանա լճում սիգի արդյունագործական որսը կանոնակարգելու արդյունքում արձանագրվել է այս ձկնատեսակի կենսազանգվածի աճ. 2019 թվականին այն կազմել է 2668 տոննա, 2020-ին՝ 2345 տոննա, 2021-ին՝ 5348 տոննա, 2022-ին՝ 4700 տոննա, իսկ 2023-ին՝ 3974 տոննա։ Այս ցուցանիշներն ապահովել են արդյունագործական որսի հնարավորությունը՝ 2020-ին և 2021-ին՝ 300 տոննա, 2022-ին և 2023-ին՝ 600 տոննա, 2024-ին՝ 679 տոննա, իսկ 2025-ին՝ մինչև հունիսի 1-ը՝ 314 տոննա։

Սակայն նշվել է նաև, որ թեև սիգի քանակի աճ է նկատվել, այդ միտումը դեռևս բավարար չէ վայրի սիգի կայուն վերարտադրություն ապահովելու և դրա պաշարները լճում օպտիմալ մակարդակի հասցնելու համար։

Հաշվի առնելով, որ Սևանա լճում սիգի արդյունագործական որսի համակարգումը դեռևս գտնվում է նախնական և փորձնական փուլում, ինչպես նաև այն հանգամանքը, որ վերջին տասնամյակներում լճի վրա նկատվել է զգալի մարդածին բացասական ներգործություն և ձևավորվել է սպառողական մոտեցում կենսառեսուրսների նկատմամբ, անհրաժեշտ է կանխել հնարավոր բացասական հետևանքները։ Այդ նպատակով սահմանվել է սիգի ձկնկիթի արտահանման արգելք՝ որպես միջոց՝ բարձր տնտեսական արժեք ունեցող վայրի ձկնատեսակի պահպանությունն ու բնական վերարտադրությունն ապահովելու համար։