Հայաստանը հետաքրքրված է ռուսական շուկա գյուղատնտեսական արտադրանքի մատակարարումների ընդլայնմամբ։ Այդ մասին Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի ժամանակ հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Նա նշել է, որ հայ արտադրողներն ունակ են առաջարկել բարձրորակ գյուղատնտեսական ապրանք, որը պահանջարկ ունի, այդ թվում՝ Ռուսաստանի սպառողական շուկայում, հայտնում է Sputnik Արմենիան։
Սակայն նման արտահանման ընդլայնումն իրագործելու համար, ըստ Գրիգորյանի, հարկավոր է լուրջ ուշադրություն հատկացնել ապրանքների փոխադրման գործընթացներին և փոխգործակցությանը։
«Ագրոարդյունաբերական համալիրում որակյալ արտադրողները որպես կանոն փոքր և միջին ձեռնարկություններն են։ Գլոբալ շուկաներ, այդ թվում ՌԴ մեծածավալ շուկա դուրս գալու համար նրանց զգալի ռեսուրսներ և համակարգում է անհրաժեշտ», – նշել է Գրիգորյանը։
Փոխվարչապետը հավելել է, որ անհրաժեշտ է զարգացնել փոխադրումների համակարգը, ապրանքների ճիշտ դասակարգումն ու ապահովել մատակարարումների անխափան կազմակերպումը։
Նա ընդգծել է նաև, որ ռուսական կողմը նույնպես գործնական ջանքեր է ներդնում՝ այդ խոչընդոտները հաղթահարելու և առաքման գործընթացներում աջակցություն ցուցաբերելու համար։
«Արտադրության և արտահանման աճի տեսանկյունից մենք որևէ սահմանափակում չենք տեսնում», – հավելել է փոխվարչապետը։
2024 թվականին Հայաստան–Ռուսաստան առևտրաշրջանառության ծավալը գրանցել է գրեթե 1.6-ապատիկ աճ՝ գերազանցելով 12 միլիարդ դոլարի շեմը։