20 հունիսի 2025 - 17:09 AMT
Անհետ կորածների ծնողներն ԱԱԾ ներկայացուցչի հետ հանդիպումից հետո բացել են Բաղրամյան պողոտան

Անհետ կորածների ծնողներն ԱԱԾ ներկայացուցչի հետ հանդիպումից հետո բացել են Բաղրամյան պողոտան։

Ազգային անվտանգության ծառայության ռազմական հակահետախուզության դեպարտամենտի պետ, գնդապետ Դավիթ Սանամյանը կապ է հաստատել Բաղրամյան պողոտայում բողոքի դուրս եկած անհետ կորած զինծառայողների ծնողների հետ՝ առաջարկելով ժամանակավորապես դադարեցնել բողոքի գործողությունները՝ խոստանալով նրանց առաջիկայում հանդիպում ապահովել ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարի հետ։ Դրանից հետո Սանամյանն անձամբ այցելել է ծնողներին։

Արման Կիրակոսյանը, ով անհետ կորած զինծառայողի հարազատ է, նշել է, որ պողոտայի փակումը կատարվել է այն նպատակով, որպեսզի հանրությունը տեսնի և ընկալի՝ ինչ վիճակում են գտնվում անհետ կորածների ընտանիքները։

«Մեր հանրությունը պետք է հասկանա՝ մեր երեխաները գնացել են՝ ունենալով հայրենասիրական մղումներ, պետականամետ մտածողնությունը։ Այդ երեխաները գնացել են այս ծնողների դաստիարակությունը ստանալով։

Մենք մեր պահանջը ձևակերպել ենք։ ԱԱԾ ներկայացուցիչը մոտեցավ մեզ, ունեցանք քննարկում, որոշեցինք գնալ համատեղ կոմպրոմիսի։ Մենք առայժմ կդադարեցնենք ակցիան, երթեկությունը կվերականգնվի, առաջիկայում մեզ խոստացել են»։

Անհետ կորած զինվորների ընտանիքի անդամները հունիսի 18-ից փակել էին Բաղրամյան պողոտան՝ ԱԱԾ ղեկավար Արմեն Աբազյանի պաշտոնանկությունից հետո։ Սկզբնական շրջանում նրանց պահանջն էր Աբազյանի վերանշանակումը, սակայն հետո պահանջում էին հանդիպում ԱԱԾ տնօրենի ժ/պ Անդրանիկ Սիմոնյանի հետ։

Պաշտոնական տվյալներով՝ 90-ականների սկզբից անհետ կորած է համարվում 993 հայ, իսկ 44-օրյա պատերազմից հետո՝ 191-ը: