Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը հայտնել է, որ «Սրբազան պայքար» նախաձեռնության 20-ից ավելի համակիր բերման է ենթարկվել։ Այդ մասին ասվում է նախաձեռնության Տելեգրամի ալիքում։
«Քաղաքական հետապնդումների այս ալիքի պատճառը անհասկանալի է: Փաստենք, որ այն մեկնարկել է Փաշինյանի՝ Թուրքիայում գտնվելու պահին»,-հայտնել են «Սրբազան պայքար» շարժումից։
ՀՅԴ–ն ևս հայտնել է իր անդամների ու կողմնակիցների ձերբակալությունների մասին։
«Քիչ առաջ ապօրինի ձերբակալություններ և խուզարկություններ են իրականացվել ՀՅԴ մարզային կառույցների պատասխանատու ընկերների նկատմամբ։
ՀՅԴ անդամների նկատմամբ քաղաքական հետապնդումների այս նոր փուլը մեկնարկել է Փաշինյանի՝ Թուրքիայում կատարած այցին զուգահեռ։
Անկախ զարգացումներից և բռնաճնշումների ծավալներից փաստում ենք. որևէ բռնաճնշում չի կարող մեզ լռեցնել, այսպիսի գործելաոճն, ի վերջո, ծնելու է համարժեք հակազդեցություն»,–ասվում է հայտարարության մեջ։
Բազմաթիվ ոստիկաններ շրջափակել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կեցավայրը, մինչդեռ նա այժմ այցով գտնվում է Թուրքիայում, հայտնում է Sputnik Արմենիան։
Նշվում է, որ որ Պռոշյան փողոցում իրավապահների բազմաթիվ ավտոմեքենաներ են կանգնած։
ՆԳՆ–ն պարզաբանել է, որ ոստիկանությունում օպերատիվ տվյալներ են ստացվել հասարակական կարգի խաթարմանն ուղղված գործողությունների նախապատրաստման վերաբերյալ։