20 հունիսի 2025 - 18:31 AMT
Էթերի Կարապետյան․ Մեր ընտանիքը միշտ կլինի հայ ժողովրդի և Հայ Եկեղեցու կողքին

«Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանի կինը՝ Էթերի Կարապետյանը ուղերձ է հղել՝ նշելով, որ իր ընտանիքը միշտ եղել է, կա և կլինի հայ ժողովրդի և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կողքին։

«Ես՝ Էթերի Կարապետյանս, այս ուղերձով ցանկանում եմ հստակ ասել՝ մեր ընտանիքը միշտ եղել է, կա և կլինի հայ ժողովրդի և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կողքին։

Մենք երբեք չենք շեղվել մեր արժեքներից։ Անկախ ժամանակներից, մենք գործել ենք լուռ, բայց հետևողական՝ օգնելով և կառուցելով։ Մենք մեր նվիրումն ու հավատքը չենք դնում ցուցադրման, բայց երբ փորձ է արվում խեղաթյուրել մեր նպատակներն ու գործը, լռելը դառնում է անթույլատրելի։

Սամվելը երբեք չի եղել կործանման կամ բռնության կողմնակից։ Նա միշտ կողմերի միջև խաղաղություն հաստատելու համար միջնորդի դեր է կատարում, որովհետև հավատում է խաղաղությանը։ Նրա ներդրումները, բարեգործական ծրագրերը, և համառորեն Հայաստանը հզորացնելու ցանկությունը խոսում են նրա արժեքների մասին ավելի շատ, քան ցանկացած խոսքեր։

Մենք չենք վախենում ճշմարտությունից։ Բայց մենք պահանջում ենք արդարություն՝ ոչ վրեժխնդրություն։

Որևէ ճնշում, որևէ վախեցում, որևէ սուտ չի կարող շեղել մեզ մեր ճանապարհից։ Մենք պատասխանատու ենք ոչ միայն այսօրվա, այլ վաղվա սերունդների առջև։

Թող Աստված պահի մեր ժողովրդին։ Եվ թող սերն ու հավատը լինեն մեր ազգի միասնության հիմքը»,-գրել է նա։

Հունիսի լույս 18–ի գիշերը գործարարՍամվել Կարապետյանըդուրս է եկել Երևանի իր առանձնատնից ևիրավապահների հետ հեռացել։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նա հարցաքննվում է ՔԿ–ում, իսկ երեկոյան նա 2 ամսով կալանավորվեց՝ ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալnւն ուղղված հրապարակային կոչի համար։

Դրանից մի քանի ժամ առաջ Կարապետյանը հանդես էր եկել Հայ Առաքելական եկեղեցուն աջակցող հայտարարությամբ․«Ես մեր եկեղեցու, մեր ժողովրդի կողքին եմ: Ինչքան էլ փորձեն սևացնել, ոչ մի էլեկտրական ցանց... թքած ունեմ իրենց վրա էլ, իրենց էլցանցի վրա էլ: Ամեն ինչ լավ է լինելու, ժողովուրդը մեկ է իր խոսքն ասելու է, իրենք հասկանալու են, որ սխալվեցին»։

Ի պատասխան Փաշինյանը գրել էր․ «Պոռնկաբարո «հոգևորականներն» ու նրանց պոռնկաբարո «բարեգործներն» ինչո՞ւ են ակտիվացել։ Ոչինչ՝ նորից կպասիվացնենք։ Ընդ որում՝ ընդմիշտ»: Ավելի ուշ նա հավելել է, որ ՀԷՑ–ը պետք է պետականացվի և շատ արագ։