Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ ՀՀ–ն համերաշխ է յուրաքանչյուր մարդու հետ, որը ստիպված է լքել իր տունը
«Փախստականների համաշխարհային օրը մենք ընդգծում ենք միջազգային հանրության համակարգված ջանքերի կարևորությունը՝ փախստականների իրավունքների և խնդիրների լուծման գործում: Միայն իրական համագործակցության և ընդհանուր պատասխանատվության միջոցով կարող ենք ապահովել կայուն լուծումներ:
Հայաստանը համերաշխ է յուրաքանչյուր մարդու հետ, որը ստիպված է լքել իր տունը։ Մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը՝ ապահովելու փախստականների ինտեգրումը մեր սոցիալական, մշակութային և տնտեսական զարգացմանը: Բավարարելով նրանց կարիքները՝ մենք ներդրումներ ենք կատարում մեր համայնքների դիմակայունության և աճի մեջ»:
Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։