21 հունիսի 2025 - 10:16 AMT
Էրդողանը Փաշինյանի հետ հանդիպմանը կարևորել է Երևանի ու Բաքվի միջև համաձայնությունը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Ստամբուլում ունեցած հանդիպման ընթացքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ընդգծել է Երևանի ու Բաքվի միջև խաղաղության բանակցություններում ձեռք բերված համաձայնության կարևորությունը։ Այդ մասին տեղեկացրել է Anadolu գործակալությունը՝ հղում կատարելով Թուրքիայի նախագահի հաղորդակցության վարչության հրապարակած հաղորդագրությանը։

«Հանդիպման ընթացքում նախագահ Էրդողանը ուշադրություն է հրավիրել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության բանակցություններում ձեռք բերված համաձայնության կարևորության վրա՝ ստեղծված պայմաններում։ Էրդողանը շեշտել է, որ Թուրքիան շարունակելու է ամեն հնարավոր աջակցություն ցուցաբերել տարածաշրջանի զարգացմանն ուղղված ջանքերին՝ փոխշահավետ մոտեցման հիման վրա»,- հայտնել է աղբյուրը, հայտնում է Արմենպրեսը։

Հաղորդագրության համաձայն՝ զրուցակիցները քննարկում են անցկացրել Հարավային Կովկասում երկխոսության և կայունության հաստատման ուղղությամբ տարվող գործընթացի շուրջ, ինչպես նաև անդրադարձել են տարածաշրջանի վերջին իրադարձություններին, հատկապես՝ Հայաստանի ու Թուրքիայի շփումներին։

Նշվում է, որ զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում իրականացվելիք հնարավոր քայլերին։ Թուրքիայի ղեկավարը ընդգծել է իր երկրի պատրաստակամությունը օգտագործել դիվանագիտական բոլոր միջոցները՝ ոչ միայն Կովկասում, այլ նաև ամբողջ տարածաշրջանում կայունություն ապահովելու նպատակով։

Ըստ ՀՀ վարչապետի աշխատակազմի հաղորդագրության, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ընթացքը, ընդգծել կառուցողական երկխոսության շարունակականության և կոնկրետ արդյունքների հասնելու կարևորությունը։ Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային իրադարձություններին և այդ համատեքստում երկկողմ համագործակցության հնարավոր ուղղություններին։

Վարչապետ Փաշինյանն ընդգծել է Հայաստանի հավատարմությունը տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման գործընթացին և շեշտել հարևանների հետ հարաբերությունների կարգավորման քաղաքականության շարունակականության իր հանձնառությունը։

«Երկու երկրների ղեկավարները վերահաստատել են պատրաստակամությունը՝ շարունակելու ուղիղ կապերն ու երկխոսությունը։

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի, ինչպես նաև ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շուրջ»,ասվում է հաղորդագրության մեջ։

Փաշինյանը հանդիպմանն անդրադարձել է նաև X-ի իր միկրոբլոգում՝՝ նշելով, որ իր ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև կայացել է բովանդակային զրույց։

«Քննարկեցինք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, տարածաշրջանային զարգացումները և շարունակական երկխոսության կարևորությունը։ Հայաստանը շարունակում է հանձնառու մնալ մեր տարածաշրջանում խաղաղություն և կայունություն կառուցելուն»,-ասված է գրառման մեջ։

ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում էին արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, ինչպես նաև ՀՀ ԱԺ փոխնախագահ և Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։