«Սրբազան պայքար» նախաձեռնությունն, անդրադառնալով իշխանությունների կողմից իրականացված ձերբակալություններին, հայտարարել է, որ դա «հստակ քաղաքական ահաբեկչություն է»։ Այն հրապարակվել է շարժման Տելեգրամի ալիքում։
Շարժման գնահատմամբ՝ դա պայմանավորված էր Թուրքիայում անցկացվող Փաշինյան-Էրդողան հանդիպումով։
«Չարիքի իշխանությունը հերթական անգամ ցուցադրեց իր վախերը և բռնապետական ռեժիմի դեմքը։ Ապօրինի կերպով ձերբակալվել և բերման են ենթարկվել Սրբազան Պայքարի մի քանի տասնյակ համակիրներ` ներառյալ ՀՅԴ անդամներ, որոնց փորձել են վախեցնել և սպառնալ՝ ակնկալելով ետ պահել պայքարի ճահապարհից։
Սա հստակ քաղաքական ահաբեկչություն է՝ մարդկանց զրկելով իրենց ազատ կամքի արտահայտության, ազատ խոսելու և գործելու իրավունքից։
Մեր գնահատմամբ սա պայմանավորված է Թուրքիայում տեղի ունեցող Փաշինյան-Էրդողան հանդիպումով, որտեղ, հավանաբար, նոր դավադրական ծրագրեր են հյուսվում մեր պետության և ժողովրդի նկատմամբ։
Այս ապօրինի գործողությունները մեծ ցնծություն են պատճառել ադրբեջանական հանրությանը, որն արտահայտված է իրենց ԶԼՄ-ների հրապարակումներում՝ որպես «փայլուն նորություններ Երևանից» և որակելով Սրբազան Պայքարը որպես «ռևանշիստական շարժում»։
Թեպետ չենք սպասում, սակայն հուսով ենք՝ միջազգային կառույցները համապատասխան գնահատական կտան ՀՀ քաղաքական իշխանությունների և իրավապահ մարմինների այսօրվա ապօրինի գործողություններին։
Այսու մեր գնահատանքն ենք հայտնում ԶԼՄ-ներին, իրավապաշտպաններին, բոլոր այն անհատներին և կառույցներին իրենց աջակցություն համար։
Մեր քաջալերանքը ապօրինի բերման ենթարկված մեր Պայքարի բոլոր մասնակիցներին, ովքեր հակառակ այս բռնաճնշումներին, ավելի ամրացան ճշմարտության համար պայքարի ճանապարհին։
Չարիքը պետք է հեռացվի։ Մեր հաղթանակը այլընտրանք չունի»,-ասվում է հայտարարության մեջ։
Հունիսի 18–ին բերման են ենթարկվել «Սրբազան պայքարի» և ՀՅԴ տասնյակ կողմնակիցներ։ ՆԳՆ ոստիկանությունը, արձագանքելով ԶԼՄ-ների հարցումներին, հայտնել է, որ «օպերատիվ տվյալներ են ստացվել հասարակական կարգի խաթարմանն ուղղված գործողությունների նախապատրաստման վերաբերյալ»։