21 հունիսի 2025 - 12:40 AMT
Բաքվի դատարանը մինչև 9 տարվա ազատազրկման է դատապարտել Ալիևների ընտանեկան բիզնեսը հետաքննող լրագրողներին

Հունիսի 20-ին, Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը հրապարակել է վճիռը Abzas Media-ի գործով։ Դատարանը մեղավոր է ճանաչել Abzas Media-ի տնօրեն Ուլվի Գասանլիին, գլխավոր խմբագիր Սեվինջ Վագիֆգըզըին, հետաքննող լրագրող Հաֆիզ Բաբալիին, «Ազադլիգ» ռադիոկայանի լրագրող և տնտեսագետ Ֆարիդ Մեհրալիզադեին և նրանց դատապարտել է 9 տարվա ազատազրկման։

Լրագրողներ Նարգիզ Աբսալամովան և Էլինարա Գասիմովան կբանտարկվեն 8 տարով։ Տնօրենի տեղակալ Մուհամմեդ Քեկալովը դատապարտվել է 7 տարի և 6 ամիս ազատազրկման, գրում է Meydan TV-ն։

AbzasMedia–ն հայտնի է պաշտոնյաների, այդ թվում այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի ընտանեկան բիզնեսի հետաքննություններով։

Մասնավորապես լրագրողները պարզել էին, որ Զանգիլանի շրջանում «խելացի գյուղ» կառուցող ընկերությունը պատկանում է նախագահի օգնականի եղբորը, գրում է BBC-ն։

Abzas Media-ի գործով ձերբակալությունները սկսվել են 2023 թվականի նոյեմբերի 20-ին։ 2024 թվականի մայիսին գործին է ներգրավվել նաև «Ազադլիգ» ռադիոկայանի լրագրող Ֆարիդ Մեհրալիզադեն, չնայած Abzas Media-ն հայտարարել է, որ նա իրենց աշխատակիցը չէ։

Լրագրողները մերժել են իրենց մեղադրանքները՝ պնդելով, որ ձերբակալությունները քաղաքական բնույթ են կրում և կապված են իրենց հակակոռուպցիոն հրապարակումների հետ։

Տեղական և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները համարել են այս գործը քաղաքական հետապնդում և կոչ են արել ազատ արձակել լրագրողներին ու հանել բոլոր մեղադրանքները։

Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները լրագրողներին անվանում են քաղբանտարկյալներ և նշում, որ վերջին տարիներին Ադրբեջանում քաղաքական դրդապատճառներով կալանավորների թիվը հասել է 375–ի։

Բացի այդ, Ադրբեջանը վերջին տարիներին արտաքսել է BBC-ի, «Ամերիկայի ձայնի» տեղական մասնաճյուղերը, ինչպես նաև փակել մի շարք միջազգային կազմակերպությունների գրասենյակները, այդ թվում՝ ՄԱԿ–ի և Կարմիր Խաչի։