21 հունիսի 2025 - 14:33 AMT
Իրավապահներն արցախցի պատգամավորին հարցրել են՝ որ կոչ լինի անկարգությունների` կմասնակցե՞ք

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Արցախի խորհրդարանի պատգամավոր Դավիթ Գալստյանին ոստիկանությունում հարցրել են՝ «որ կոչ լինի անկարգությունների` կմասնակցե՞ք»։

Պատգամավորը դա որակել է, որպես ոստիկանության ապօրինությունների մի տրագիկոմեդիկ դրսևորում։

«Ոստիկանության ապօրինությունների մի տրագիկոմեդիկ դրսևորում էլ Արցախի խորհրդարանի պատգամավոր Դավիթ Գալստյանին ոստիկանություն հրավիրելն էր, ինչպես ինքն է ձևակերպում` «ծանոթանալու» նպատակով:

Մարդու ծննդավայրը` Արցախը, Ադրբեջան հռչակողների ու դրանով հպարտացողների պաշտպանությամբ զբաղվողները աբսուրդային բնույթի հարցադրումներ են արել, որոնց հիմքում ո´չ իրավաբանություն կա, ո´չ էլ բանականություն:

Թե բա` որ կոչ լինի անկարգությունների` կմասնակցե՞ք: Ես զարմանում եմ, թե ինչու մինչև հիմա հավաքների մասին օրենք չի չեղարկվել: Ուշացնում եք:

Իսկ հիմա ես ձեզ հարցնեմ` որ իշխանությունը ձեր տունն ու ծննդավայրը հանձնի, ինչպես Դավիթի ու հարյուր հազարից ավելի հայի դեպքում է եղել, շարունակելու ե՞ք դատարկաբանությամբ ու թուրքերի փառաբանմամբ զբաղվել»,–ասվում է գրառման մեջ։

Հունիսի 18–ին բերման են ենթարկվել «Սրբազան պայքարի» և ՀՅԴ տասնյակ կողմնակիցներ։ ՆԳՆ ոստիկանությունը, արձագանքելով ԶԼՄ-ների հարցումներին, հայտնել է, որ «օպերատիվ տվյալներ են ստացվել հասարակական կարգի խաթարմանն ուղղված գործողությունների նախապատրաստման վերաբերյալ»։