21 հունիսի 2025 - 15:30 AMT
Միրզոյանն ու Կալասը խոսել են ՀՀ–ով Իրանից երրորդ երկրների քաղաքացիների տարհանման հնարավորություններիկ մասին

ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ։ Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային իրավիճակը՝ ներառյալ Իրանի հետ կապված զարգացումները։

Հումանիտար հարցերի համատեքստում քննարկվել է երրորդ երկրների քաղաքացիների՝ Իրանի տարածքից Հայաստանով տարհանման հնարավորությունը և համապատասխան տվյալները։

Նրանք մտքեր են փոխանակել այն քայլերի վերաբերյալ, որոնք միտված են տարածաշրջանում կայունության պահպանմանը։

ՀՀ ԱԳ նախարարը և ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան անդրադարձ են կատարել նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման վերջին փուլերին։

Խոսելով ՀՀ-ԵՄ համագործակցության մասին՝ Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարծիքներ են փոխանակել մոտ ապագայում սպասվող երկկողմ շփումների ծրագրերի շուրջ։

Հնդկաստանն Իրանից տարհանել է 110 հնդիկ ուսանողի, որոնք Հայաստանի տարածքով՝ ճանապարհով, տեղափոխվել են Երևան, ապա՝ հատուկ չվերթով մեկնել Նյու Դելի։ Չինաստանն ու Ֆրանսիան ևս դիտարկում են այդ տարբերակը։