Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թուրքիայի հայ համայնքի անդամների հետ հանդիպման ընթացքում, պատասխանելով այն հարցին, թե արդյոք Թուրքիայի նպատակը Մեծ Թուրանի գաղափարի իրագործումը չէ, որի մաս է կազմում նաև այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը», ասել է, որ «Զանգեզուրի միջանցք» չի լինելու, լինելու է «Խաղաղության խաչմերուկ»։
«Մենք էլ, Թուրքիան էլ ճանապարհներ ենք ուզում։ Եկեք բացենք սահմանները։ Օրինակ մենք ուզում ենք Եվրամիության հետ հարաբերությունները կարգավորել, Թուրքիան էլ տնտեսական ակտիվ կապեր ունի, ու դրանք զարգանում են, այդ թվում Կենտրոնական Ասիայի և Չինաստանի հետ, և արդյունքում ավելի շատ հաղորդակցման ճանապարհներ ունենալ։ Մենք այդ ամեն ինչին մի վերնագիր ենք դնում «Թուրան», ու վերջ, գնա՜ց` վայ, վայ… Եկեք մենք էլ ապրենք, ուրիշներին էլ մեր չափով
հնարավորություն տանք ապրելու։ «Զանգեզուրի միջանցք» չի լինելու, լինելու է «Խաղաղության խաչմերուկ»։ Դա նշանակում է փոխադարձ հարգանքի, իրավազորության, ինքնիշխանության ճանաչման հիման վրա բեռնափոխադրումներ»,– հայտարարել է նա, հայտնում է Sputnik Արմենիան։
Փաշինյանը հիշեցրել է վիշապի մասին հայտնի անեկդոտը՝ ասելով, որ եթե վիշապը ջուր է ուզում խմել, թող խմի, և նման մոտեցման մեջ խնդիր չի տեսնում։
«Սա նույնն է, թե մեր հայության մտավախությունն այն է, թե վայ, նրանց նպատակը Թուրանն է։ Ի՞նչ են նրանք ուզում, ուզո՞ւմ են Հայաստանի տարածքով գնալ–գալ…է, թող գնան–գան, վա՞տ է դա։ Մենք ենք դա առաջարկում մեր «Խաղաղության խաչմերուկով», ասում ենք` գնացեք։ 21–րդ դարում դուք պատկերացնո՞ւմ եք մի երկիր, որի սահմանները փակ են»,– ընդգծել է Փաշինյանը։
Վարչապետը և նրան ուղեկցող պատվիրակությունը հունիսի 20-ին մեկնել են Թուրքիա՝ մեկօրյա աշխատանքային այցով։ Դրան նախորդած հայտարարությունում վարչապետը նշել է, որ այցի օրակարգի մասին հանրությանը կտրվի համատեղ հայտարարություն՝ ըստ կողմերի պայմանավորվածության, և նախապես դրա մանրամասները չեն հրապարակվի։
Հայաստանի վարչապետի մամուլի ծառայությունը ավելի ուշ տեղեկացրել է, որ Ստամբուլում Փաշինյանը հանդիպում է անցկացրել տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։