2 հունիսի 2009 - 18:10 AMT
Փաստերի հավաքման Խմբի անդամները հեռանում են թեյի երկարատեւ ընդմիջմա՞ն
Կոալիցիայի` 2008թ. մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ փաստերի հավաքման Խումբը լքած ներկայացուցիչ Ռոբերտ Ավագյանը հայտարարել է, որ ինքը մտադիր չէ փոխել իր որոշումը: «Եթե անգամ Հայաստանի նախագահը պնդի իմ` Խումբ վերադառնալու հարցում, ես չեմ վերադառնա»,- այսօր կայացած մամլո ասուլիսին լրագրողներին է հայտարարել նա:

Նա կրկին ընդգծել է, որ ընդհանրապես հնարավոր չէ աշխատել այնպիսի մի մարդու հետ, ինչպիսին ՀԱԿ ներկայացուցիչ Անդրանիկ Քոչարյանն է: «Ես հասկանում եմ հարցի ողջ լրջությունը, եւ այն, որ սպառնալիքի տակ է գտնվում ինքնին խմբի գոյությունը»,- նշել է Ավագյանն ու ընդգծել, որ ի սկզբանե ինքը` որպես կոալիցիայի ներկայացուցիչ, Խմբի աշխատանքը ճնշելու կամ դրան խոչընդոտելու մեղադրանքներից խուսափելու համար որոշել է զիջել ընդդիմության առաջնորդությունը եւ նրանց թույլ տալ աշխատել: «Անդրանիկ Քոչարյանը միշտ հեգնանքով էր ինձ ասում, որ ես Խմբում թեյ խմելու համար եմ գտնվում: Ես էլ ահա գնում եմ տուն թեյ խմելու»,- ի պատասխան հեգնանքով հայտնել է Ռոբերտ Ավագյանը: