Նիգերիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ ՀՀ հետ զգալի առաջընթաց են գրանցել Իրանից իրենց քաղաքացիների տարհանման ուղղությամբ համագործակցության հարցում: Այդ մասին մամուլի հաղորդագրության մեջ հայտնել է Նիգերիայի արտգործնախարարությունը, հայտնում է Արմենպրեսը Report Circle կայքի վրա հղումով։
Նշվել է, որ համագործակցությունը սկիզբ է առել Իրանում Նիգերիայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Աբդուլռաշիդ Օմար Լավալի և Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում Մերձավոր Արևելքի եւ Աֆրիկայի հարցերով տնօրենի պաշտոնակատար Լևոն Պետրոսյանի հանդիպմամբ:
Նշվում է, որ Իրանում Նիգերիայի դեսպանատունը խնդրել է անվտանգ անցում ապահովել իրենց քաղաքացիների համար, և Հայաստանը սիրով համաձայնել է օգնություն ցուցաբերել: Հաղորդագրության համաձայն ՝ այս ժեստն ընդգծում է հումանիտար համագործակցության և միջազգային համերաշխության կարևորությունը ճգնաժամի ժամանակ:
Այն հաստատում է, որ Նիգերիան գնահատում է Հայաստանի հետ իր ամուր դիվանագիտական կապերը և ակնկալում է փոխադարձ հարգանքի և միջազգային համերաշխության վրա հիմնված հարաբերությունների հետագա ամրապնդում:
Հունիսի լույս 22-ի գիշերը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է Իրանում երեք միջուկային օբյեկտների՝ Ֆորդոյում, Նաթանզում և Իսֆահանում իրականացված հաջող հարվածի մասին։ Ավելի ուշ նա հայտարարել է, որ այդ օբյեկտները լիովին ոչնչացվել են և այս գործողությունն անվանել է նշանակալի ռազմական հաջողություն։ Իսրայելը հունիսի 13-ից սկսած ամեն օր օդային հարվածներ է հասցրել Իրանի տարածքին՝ նպատակ ունենալով վերացնել իսլամական հանրապետության հրթիռային և միջուկային ծրագիրը։