23 հունիսի 2025 - 16:12 AMT
Թորոսյան․ Մաս են կազմել նույն կլանի և հիմա բոլորով ոռնում են

Ազգային ժողովի առողջապահության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ եթե հերթով թվարկենք վերջին ժամանակներս «ուխտադրուժ եկեղեցական սպասավորներին պաշտպանած բոլոր անձանց, ապա Հայաստանը մինչև 2018թ. տարիներով կեղեքած մաֆիոզ կլանի պատկերը խիստ ամբողջական կլինի»:

«Օրեցօր ավելի ակնհայտ է դառնում, որ այդ թալանն ու կեղեքումը, տեղի է ունեցել հենց այդ ուխտադրուժներ սպասավորների «օրհնանքով» և իրենք էլ հենց մաս են կազմել այդ կլանի և հիմա բոլորով ոռնում են (կներեք այս բառի համար, ավելի հարմարը չգտա), որպեսզի վերադարձնեն կորցրածը` մեր երկիրն ու ժողովրդին անխնա թալանելու և կեղեքելու իրենց հնարավորությունը»։

Նա հավելել է, որ այդ ամենն արվել է նաև հյուսիսային բարձր հովանու ներքո և դրա ապացույցներն ամեն օր ենք տեսնում:

«Օրինակ այսօր ռուսական պետական մեդիաները ինչ-որ անհեթեթ լուրեր տարածեցին ադամանդ գողանալու մասին ու դա կապեցին մեր խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի հետ»,–գրել է նա։

Հունիսի լույս 18–ի գիշերը գործարար Սամվել Կարապետյանը դուրս է եկել Երևանի իր առանձնատնից և իրավապահների հետ հեռացել։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նա հարցաքննվում է ՔԿ–ում, իսկ երեկոյան նա 2 ամսով կալանավորվեց՝ ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալnւն ուղղված հրապարակային կոչի համար։ Դրանից մի քանի ժամ առաջ Կարապետյանը հանդես էր եկել Հայ Առաքելական եկեղեցուն աջակցող հայտարարությամբ․«Ես մեր եկեղեցու, մեր ժողովրդի կողքին եմ: Ինչքան էլ փորձեն սևացնել, ոչ մի էլեկտրական ցանց... թքած ունեմ իրենց վրա էլ, իրենց էլցանցի վրա էլ: Ամեն ինչ լավ է լինելու, ժողովուրդը մեկ է իր խոսքն ասելու է, իրենք հասկանալու են, որ սխալվեցին»։

Ի պատասխան Փաշինյանը գրել էր․ «Պոռնկաբարո «հոգևորականներն» ու նրանց պոռնկաբարո «բարեգործներն» ինչո՞ւ են ակտիվացել։ Ոչինչ՝ նորից կպասիվացնենք։ Ընդ որում՝ ընդմիշտ»: Ավելի ուշ նա հավելել է, որ ՀԷՑ–ը պետք է պետականացվի և շատ արագ։