ADM Diamonds ընկերությունը հայտարարություն է տարածել՝ հերքելով ՌԴ ԱԴԾ հաղորդագրությունն այն մասին, թե «Ռուսաստանից գողացված ալմաստներ են հասցվել ADM Diamond LLC-ին, որի շահառուն հայ գործարար և ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն է»։
Ընկերությունը պաշտոնապես հայտարարել է, որ տվյալ լուրն «ամբողջությամբ կեղծիք է, չհիմնավորված ու չփաստարկված»։
«Նախևառաջ՝ ADM Diamonds-ի միակ և պաշտոնական հիմնադիրն ու սեփականատերը հայ գործարար Արտակ Բաղիկյանն է։
Ընկերությունը երբևիցե կապ չի ունեցել և չունի Ազգային ժողովի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի հետ. վերջինս չի հանդիսանում և չի հանդիսացել ո՛չ ընկերության շահառու, ո՛չ ընկերության բաժնետեր, ոչ էլ առավել ևս՝ սեփականատեր։
Ավելին՝ նյութերում նշվում է, թե ADM Diamonds-ը պատկանում է Բաղիկյան եղբայրներին։ Հայտնում ենք, որ 2022 թվականից Ընկերության 100% բաժնետերն ու սեփականատերը միայն ու միայն Արտակ Բաղիկյանն է։
ADM Diamonds-ին չի հասցվել և ոչ մի գողացված հումք, ավելին՝ մենք մեր վերամշակման հումքը չենք ստանում ՌԴ-ից։ ADM Diamonds ընկերության ադամանդի վերամշակման բարձրորակ հումքը ձեռք է բերվում ԱՄԷ-ից և Հոնկոնգից՝ բացառապես օրինական ճանապարհով, համապատասխան բոլոր իրավական գործընթացներին ու փաստաթղթերին։ Այս մասին առկա են բոլոր վկայություններն ու ապացույցները։
Մեր ընկերությունը երբևէ չի համագործակցել անօրինական և հանցավոր խմբերի հետ։ Մեզ համար արդար ու ազնիվ աշխատանքը հիմնարար արժեք և սկզբունք է գործունեության առաջին իսկ օրվանից. այդպես եղել է, կա ու կմնա»,–ասվում է ընկերության հայտարարության մեջ։
Հայտարարությամբ է հանդես եկել նաև ընկերության հիմնադիր տնօրեն Արտակ Բաղիկյանը:
«Դեռ վաղուց՝ ADM Diamonds-ի բացման օրից, մեզ փորձում են կապել քաղաքական խմբերի ու անհատների հետ։ Եվս մեկ անգամ պաշտոնապես հայտարարում եմ՝ մենք որևէ առնչություն չունենք քաղաքական և ո՛չ մի ուժի, ո՛չ մի անհատի, ո՛չ մի կուսակցության կամ խմբավորման հետ։
Մենք չենք ստանում ոչ մի քաղաքական աջակցություն, չենք պատկանում որևէ քաղաքական կուսակցության։ Մենք բիզնես ենք՝ մեր բիզնես արժեքներով ու սկզբունքներով։ Այս բոլոր տեսակի ստահոդ լուրերը խաթարում են մեր բնականոն գործունեությանը, դառնում անհարկի շահարկումների առիթ։ Ուստի առաջին հերթին մենք ինքներս ենք շահագրռված այս գործի բացահայտմամբ, և հենց ինքներս ենք հետամուտ լինելու, որպեսզի դա տեղի ունենա օր առաջ։
Մենք մեր համբավն ու հեղինակությունը վաստակել ենք մեր քրտնաջան ու ազնիվ աշխատանքով։ Այսօր մենք Հայաստանում միակ խոշոր ադամանդագործական ընկերությունն ենք, որը հայկական ադամանդագործության ավանդույթների պահպանման, մեր երկրում այս կարևոր տնտեսական ուղղության զարգացման ջատագովն է։
Մենք անկախ բոլոր տեսակի դժվարություններից ու ճգնաժամերից փորձում ենք պահպանել արտադրությունը՝ քանի որ քաջ գիտակցում ենք դրա կարևորությունը Հայաստանի նման փոքր երկրների համար։
Մենք արդար ու ազնիվ սկզբունքներով գործող բիզնես ենք, միշտ եղել ենք ու կմնանք քաղաքականությունից դուրս։ Նման լարված օրերին քաղաքական շահարկումներն ուղղակիորեն հարվածի տակ են դնում մեր՝ տարիներով վաստակած հեղինակությունն ու բարի համբավը։ Հորդորում ենք զերծ մնալ կեղծ ու չհիմնավորված տեղեկատվությունների տարածումից, մեր անվան անհարկի շահարկումներից և մեր հեղինակությունը վնասող արատավոր փորձերից։
Այսուհետ, նմանատիպ կեղծ ու չհիմնավորված լուրերի տարածման դեպքում ինքներս ենք հետամուտ լինելու բացառապես իրավական ձևով, արդարադատության բոլոր օրենքներին ու նորմերին համապատասխան ձևով խնդիրը լուծելուն և ճշմարտությունը հանրությանը ներկայացնելուն»։
Ռուսաստանի դաշնության Անվտանգության դաշնային ծառայությունը՝ ԱԴԾ–ն հայտարարել է, որ «Ալրոսա» ընկերությունից գողացված չմշակված ալմաստներն ուղարկվել են Հայաստան՝ «ԱԴՄ Դայմոնդ» ընկերություն, որի շահառուն է հայ գործարար և Ազգային ժողովի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։ Սուքիասյանի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը հերքել է տարածված տեղեկությունը՝ ասելով, որ «այդ տեղեկությունը որևէ առնչություն չունեն պարոն Սուքիասյանի հետ»։