«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը չի ընդունել հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանին՝ նախատեսված ընդունելության օրը, ինչը վերջինս գնահատել է որպես խտրական վերաբերմունք։
Լրագրողների հետ զրույցում Ղազարյանը նշել է, որ սա երկրորդ դեպքն է, երբ պատգամավորը և չի կատարել քաղաքացիների ընդունելության օրով նախատեսված իր պարտականությունները, հայտնում է Aysor.am-ը։
«Սա խտրականության ցուցաբերում է, ինչը քրեական հանցագործություն է և ես պատրաստվում եմ վաղն այդ մասին հաղորդում ներակայացնեմ Գլխավոր դատախազություն»,– ասաց Ղազարյանը։
Միևնույն ժամանակ Ղազարյանը տեղեկացրել է, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը համաձայնել է ընդունել իրեն, սակայն այդ հանդիպումը կայացել է առանց լրագրողների ներկայության։
Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու նախաձեռնության հեղինակ Էդգար Ղազարյանը հայտնել է, որ ստացված նամակներին գրավոր արձագանքել է միայն երկու պատգամավոր՝ երկուսն էլ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից։ Խոսքը Թագուհի Ղազարյանի և Վահագն Ալեքսանյանի մասին է։