23 հունիսի 2025 - 18:20 AMT
ԵԱԶԲ․ Մերձավոր Արևելքում լարվածության ֆոնին ՀՀ ԿԲ-ն կարող է խստացնել քաղաքականությունը

Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը մեծացնում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից դրամավարկային քաղաքականության խստացման հավանականությունը։ Այս մասին ասվում է Եվրասիական զարգացման բանկի մակրոտնտեսական հաշվետվության մեջ, գրում է Sputnik Արմենիան։

ԵԱԶԲ-ն հիշեցրել է, որ հունիսի 17-ի իր նիստում ԿԲ-ն թողել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը նույն՝ 6.75% մակարդակում՝ հիմնավորելով այդ որոշումը չկարգավորվող ծառայությունների ոլորտում գների կայունությամբ ու գնաճային սպասումների մեղմացմամբ։

Միևնույն ժամանակ, կարգավորիչը նշել է գնաճային ճնշման աճի ռիսկերը, եթե Մերձավոր Արևելքում հակամարտությունը սրվի կամ ձգձգվի։ Մասնավորապես հնարավոր է ապրանքների մատակարարման արժեքի աճ և զբոսաշրջիկների հոսքի նվազում, եթե տարածաշրջանը սկսի ընկալվել որպես ոչ անվտանգ։ Նման պայմաններում կարող է անհրաժեշտ լինել գնաճը զսպել տոկոսադրույքների բարձրացման հաշվին։

Բացի այդ, աշխարհաքաղաքական լարվածության աճը կարող է ազդել երկրի ներդրումային գրավչության վրա։ Շուկայի մասնակիցները կարող են պահանջել հայկական արժեթղթերի ավելի բարձր եկամտաբերություն՝ ռիսկի ընկալման աճի պատճառով։

Հունիսի 13-ին Իսրայելը սկսել է լայնածավալ հարձակողական գործողություն Իրանի դեմ՝ Թեհրանին մեղադրելով ռազմական բնույթի միջուկային ծրագիր իրականացնելու մեջ, որն, ըստ իրենց, մոտեցել է անդառնալի հանգրվանի։ Հարձակման թիրախ են դարձել միջուկային օբյեկտները, զինված ուժերի հրամկազմը, միջուկային ոլորտի գիտնականները, ռազմական ավիաբազաները, հակաօդային պաշտպանության համակարգերը և «երկիր-երկիր» դասի հրթիռները։

Իրանի կողմից, որը հերքում է իր միջուկային ծրագրի ռազմական բնույթը, արձագանքը հետևել է հրթիռների և հարվածային անօդաչու սարքերի կիրառմամբ։

Հունիսի 22-ի գիշերը ԱՄՆ-ը հարվածել է Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում տեղակայված երեք միջուկային օբյեկտների։ Վաշինգտոնը նշել է, որ հարվածները նպատակ են ունեցել լրջորեն թուլացնել կամ ամբողջությամբ ոչնչացնել Իրանի միջուկային ծրագիրը։