23 հունիսի 2025 - 18:21 AMT
Փաշինյանը հույս է հայտնել, որ Գելաձեի պաշտոնավարման ընթացքում իրավապահ մարմինների գործակցությունն առավել ակտիվ կլինի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Վրաստանի Ներքին գործերի նախարար Գելա Գելաձեին: Վարչապետը ողջունել է նրա այցը Երևան և շնորհավորել նրան նշանակման կապակցությամբ:

Փաշինյանը հույս է հայտնել, որ պարոն Գելաձեի պաշտոնավարման ընթացքում երկու երկրների իրավապահ մարմինների համագործակցությունն առավել ակտիվ և արդյունավետ կլինի: Երկրի ղեկավարը շեշտել է, որ այդ նպատակով ՀՀ Կառավարությունը կներդնի բոլոր ջանքերը։

Գելաձեն, իր հերթին, շնորհակալություն է հայտնել վարչապետին ընդունելության համար և փոխանցել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի ջերմ բարեմաղթանքները։ Նա կարևորել է հայ-վրացական դարավոր բարեկամությունն ու սերտ գործակցությունը:

Վրաստանի ՆԳ նախարարը կարևորել է երկու երկրների միջև դարավոր բարեկամությունն ու կուռ համագործակցությունը՝ ի նպաստ տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման։

Հանդիպման ընթացքում ներկայացվել են նաև քննարկման մանրամասներ՝ առնչվող Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարների երկկողմ բանակցություններին։ Ըստ հաղորդագրության, զրույցի առանցքում եղել են համագործակցության ամրապնդման հարցեր՝ մասնավորապես միգրացիայի ոլորտում գործակցությունը, ինչպես նաև հանցավորության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ միասնական միջոցառումները։ Քննարկվել են նաև նոր ստորագրվելիք փաստաթղթերի նախագծերը։