Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, անդրադառնալով հարցին, թե իրանա-իսրայելական պատերազմով պայամանվորված քանի քաղաքացի է եկել ՀՀ, խոսել է նաև Իսրայելում ապրող հայերի մասին։
Նա տեղեկացրել է, որ դեսպանատանը կա մինչև 10 անձի ցուցակ, որոնք ցանկացել են, որ ՀՀ-ն իրենց տարհանի Իսրայելի տարածքից, հայտնում է Factor.am-ը։
«Չի կազմակերպվել նրանց դուրս գալը, իրենք նախ պետք է ցույց տան, թե ինչու իրենք չեն կարողանում դուրս գալ։ Այս առումով Իսրայելն ավելի շատ ապահով վիճակում է քան Իրանը։ Օդային դարպասը փակ է, բայց ակտիվ ցամաքային կապ ունեն հարևան երկրների հետ, թե՛ Հորդանանի, թե՛ Եգիպտոսի, թե՛ Կիպրոսի հետ ծովային։ Իսրայելից դուրս գալը նույն խնդիրները չի առաջացնում, ինչ Իրանից։ Այս պահին տարհանման հարց չի բարձրացել»,-ասել է նա։
Սինանյանը նաև ասել է, որ Իրանից Հայաստան ժամանող անձանց հոսքը պահպանվել է նույն մակարդակով, ինչ նախորդ տարի։ Նա պարզաբանել է, որ իրանա–իսրայելական պատերազմի հետևանքով Հայաստան ժամանած քաղաքացիների թիվը զգալիորեն չի աճել։
«Մենք ունենք անհատներ, որոնք եկել են ՀՀ-ում անվտանգ ապաստան գտնեն ժամանակավորապես, բայց այդ թիվը մեծ չէ։ Մարդիկ գալիս են, քանի որ ՀՀ-ում տուն ունեն, քաղաքացիություն ունեն, գալիս են նաև մարդիկ, որոնք տեղում որոշում են, թե ինչ են անելու»,-ասել է հանձնակատարը։
Նա նշել է, որ պատերազմի մեկնարկից ի վեր՝ վերջին 11 օրերի ընթացքում, միայն մեկ ընտանիք է դիմել կառավարությանը կացարանով ապահովման խնդրանքով։
«Երեկ մեզ դիմեց մի ընտանիք՝ հինգ հոգուց բաղկացած, ասացին, որ կացարանի կարիք ունեն, կարճաժամկետ լուծել ենք այդ խնդիրը։ Ընդհանրապես եկողների մեծ մասը Իրանի քաղաքացիներ են, բայց մեզ չեն դիմում, ինքնաբավ են»,-ասել է նա։
Հունիսի լույս 22-ի գիշերը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է Իրանում երեք միջուկային օբյեկտների՝ Ֆորդոյում, Նաթանզում և Իսֆահանում իրականացված հաջող հարվածի մասին։ Ավելի ուշ նա հայտարարել է, որ այդ օբյեկտները լիովին ոչնչացվել են և այս գործողությունն անվանել է նշանակալի ռազմական հաջողություն։ Իսրայելը հունիսի 13-ից սկսած ամեն օր օդային հարվածներ է հասցրել Իրանի տարածքին՝ նպատակ ունենալով վերացնել իսլամական հանրապետության հրթիռային և միջուկային ծրագիրը։