23 հունիսի 2025 - 19:04 AMT
Աբրահամյան․ Ընտրովի արդարադատությունը և համաներման բացակայությունը խորացրել են խնդիրները բանտերում

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ քրեակատարողական հիմնարկները խիստ ծանրաբեռնված են, իշխանության կամայականությունների և ընտրովի արդարադատության հետևանքով բազմաթիվ խնդիրներ են ի հայտ եկել։

«Մի քանի օր առաջ, անազատության մեջ գտնվող գործարար Սամվել Կարապետյանը փաստաբանների միջոցով գրառում էր արել, որով անդրադարձել էր դատաիրավական համակարգին, քրեակատարողական հիմնարկում կալանավորված անձանց, դատապարտյալների նկատմամբ մոտեցումներին:

Իհարկե կարևոր եմ համարում այն հանգամանքը, որ գործարարը միջոցներ է հատկացնելու քրեակատարողական հիմնարկներում հայտնված անձանց իրավունքների պաշտպանությանը, որովհետև իշխանության կամայականությունների և ընտրովի արդարադատության հետևանքով այս իշխանության օրոք բազմաթիվ խնդիրներ են արձանագրվել:

Սակայն մեկ այլ կարևոր խնդիր էլ կա, որոնք կալանավայրերում և այնտեղ հարազատներ ունեցող մարդկանցից լսում եմ:

7 տարի է` համաներում չի եղել, քրեակատարողական հիմնարկներն էլ խիստ ծանրաբեռնված են: Կան հոդվածներ, որոնց նկատմամբ կարելի էր համաներում կիրառել և´ այդ մարդկանց կյանքի բնականոն հուն վերադարձնելու, և´ բանտային ծանրաբեռնվածությունը թուլացնելու համար:

Այս իշխանությունը բանտում հայտնված մարդու համար ապագա այլևս չի տեսնում և նրան հասարակություն վերադարձնելու խնդիրը չի կարևորում` անկախ նրանից, թե մարդն ինչ հանգամանքներում է հայտնվել անազատության մեջ և ինչ ձգտումներ ունի ազատ կյանք վերադառնալու առումով»,- գրել է Աբրահամյանը։

Հունիսի 18-ին Սամվել Կարապետյանը կալանավորվել է երկու ամսով և տեղափոխվել «Արմավիր» ՔԿՀ` ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալnւն ուղղված հրապարակային կոչի համար։

Դրանից մի քանի ժամ առաջ Կարապետյանը հանդես էր եկել Հայ Առաքելական եկեղեցուն աջակցող հայտարարությամբ․«Ես մեր եկեղեցու, մեր ժողովրդի կողքին եմ: Ինչքան էլ փորձեն սևացնել, ոչ մի էլեկտրական ցանց... թքած ունեմ իրենց վրա էլ, իրենց էլցանցի վրա էլ: Ամեն ինչ լավ է լինելու, ժողովուրդը մեկ է իր խոսքն ասելու է, իրենք հասկանալու են, որ սխալվեցին»։

Ի պատասխան Փաշինյանը գրել էր․ «Պոռնկաբարո «հոգևորականներն» ու նրանց պոռնկաբարո «բարեգործներն» ինչո՞ւ են ակտիվացել։ Ոչինչ՝ նորից կպասիվացնենք։ Ընդ որում՝ ընդմիշտ»: Ավելի ուշ նա հավելել է, որ ՀԷՑ–ը պետք է պետականացվի և շատ արագ։