Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան հերթական գրառումով հորդորել է հոգևորականներին պահանջել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի հրաժարականը։
Նա կոչ է արել ՀԱԵ բոլոր հավատավոր «հետևորդներին և նրա արժեքներին հավատարիմ բոլոր հոգևորականներին հստակ ձևակերպել Վեհարանն ազատելու պահանջը» և բարձրաձայնել դրա մասին։
«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը մեր ազգային բարոյականության էպիկենտրոնն է։
Երբ այդ էպիկենտրոնը գտնվում է Աստծո առաջ իրենց ուխտը դրժած, այլասերված, նունիսկ աշխարհիկ մարդկանց համար անընդունելի և արգահատելի բարոյական կերպարով ու ապրելակերպով մարդկանց ղեկավարման ներքո, նշանակում է կասկածի տակ է դրված մեր բարոյականությունը։
Ես Հայ առաքելական եկեղեցու հավատարիմ հետևորդ եմ, ով խանդաղատանքով է վերաբերվում մեր յուրաքանչյուր եկեղեցու յուրաքանչյուր քարի, սրտի տրոփյունով է լսում մեր սուրբ պատարագի ելևէջներն ու ուղերձները, 35 տարի շարունակ ամեն օր Աստծո առաջ ծնկի է գալիս և աղոթում, ժամանակ առ ժամանակ ծոմապահության և պահեցողության մեջ է լինում, և ասում եմ՝ չենք կարող թույլ տալ, որ մեր ազգային բարոյականության էպիկենտրոնի նեխումը շարունակվի։
Սա Զատիկ է, որտեղ ՀՀ յուրաքանչյուր հավատավոր քաղաքացի, յուրաքանչյուր բարեպաշտ հոգևորական պետք է զատվի որոշ բարձրաստիճան հոգևորականների պոռնկաբարո ու ուխտադավ վարքից և Մայր Աթոռում վերահաստատի բարոյական այն հրամայականը, որ սահմանված է Հայ Առաքելական Եկեղեցու Կանոնագրքով։ Այլընտրանք չկա։
Կտրիճ Ներսիսյանին հորդորում եմ րոպե առաջ հեռանալ Վեհարանից։
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բոլոր հավատավոր հետևորդներին և նրա արժեքներին հավատարիմ բոլոր հոգևորականներին հորդորում եմ հստակ ձևակերպել Վեհարանն ազատելու՝ Կտրիճ Ներսիսյանին ուղղված իրենց պահանջը և դրա մասին բարձրաձայնել։ Վեհարանը վեհի՛»։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է, որ «անհրաժեշտ է գործուն քայլեր ձեռնարկել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վեհարանը ազատելու և Կաթողիկոսական նոր ընտրություններ կազմակերպելու ուղղությամբ»։ Նա հավելել է, որ այս փուլում«պիտի ստեղծենք Համակարգող խումբ, վերը նշված օրակարգի կազմակերպչական հարցերը կարգավորելու համար»։ Ընդ որում, նա հայտարարել է, որ «Համակարգող խմբի առաջին 10 անդամի ընտրության պատասխանատվությունը կվերցնի» իր վրա։