24 հունիսի 2025 - 12:05 AMT
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը պահանջում է մուտք Իրանի ատոմային օբյեկտներ՝ հարստացված ուրանի պաշարների ստուգման համար

Միջազգային ատոմային էներգիայի գործակալության` ՄԱԳԱՏԷ–ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին պահանջել է անհապաղ մուտք ապահովել Իրանի միջուկային օբյեկտներ՝ հարստացված ուրանի պաշարների ստուգման համար։

«Մենք պետք է թույլ տանք տեսուչներին վերադառնալ և գրանցել ուրանի պաշարները, մասնավորապես՝ 60 տոկոս հարստացված 400 կիլոգրամը», — հայտարարել է նա հունիսի 23-ին՝ Վիեննայում ՄԱԳԱՏԷ-ի շտաբում կայացած արտակարգ նիստի ընթացքում, գրում է Deutsche Welle-ն։

Գրոսին նշել է, որ հունիսի 13-ին՝ Իսրայելի հարվածների մեկնարկի օրը, Իրանի իշխանությունները նամակով ՄԱԳԱՏԷ-ին տեղեկացրել են «միջուկային սարքավորումների և նյութերի պաշտպանության հատուկ միջոցառումների» ներդրման մասին։ Տիեզերքից ստացված լուսանկարներից երևում է, որ Իրանի երեք միջուկային օբյեկտներից մեկում՝ Ֆորդոյում, առաջացել են «փոսեր»։

Գրոսիի խոսքով՝ հաշվի առնելով օգտագործված պայթուցիկ նյութերն ու «ցենտրիֆուգերի զգայունությունը տատանումների նկատմամբ», կարելի է ակնկալել լուրջ վնասներ։ Սակայն այս պահին ոչ մի կառույց, ներառյալ ՄԱԳԱՏԷ-ն, չի կարող լիարժեք գնահատել վնասների ծավալը, հավելել է նա։

ՄԱԳԱՏԷ-ն հայտնել է, որ ամերիկյան հարվածներից հետո Իրանում ռադիացիոն ֆոնի բարձրացում չի արձանագրվել։

«Իրանի երեք միջուկային օբյեկտների, ներառյալ Ֆորդոյի վրա հարձակումներից հետո ՄԱԳԱՏԷ-ն կարող է հաստատել, որ մինչ այս պահը օբյեկտներից դուրս ռադիացիայի մակարդակի բարձրացում չի արձանագրվել», — ասված է գործակալության հայտարարության մեջ, որը հրապարակվել է նախօրեին։

Նմանատիպ եզրակացություններ են ներկայացրել նաև Սաուդյան Արաբիայի միջուկային և ռադիոլոգիական վերահսկողության հանձնաժողովն ու Իրանի միջուկային անվտանգության կենտրոնը։

Գրոսին, հունիսի 18-ին Sky News հեռուստաալիքին տված հարցազրույցում նշել է, որ մինչ ԱՄՆ-ի հարվածները՝ ՄԱԳԱՏԷ-ի տվյալներով, Իրանը չի փորձել ստեղծել միջուկային զենք։

«Մեր եզրակացություններով՝ մենք չենք կարող պնդել, թե ներկայումս Իրանում կան համակարգված ջանքեր միջուկային զենք արտադրելու ուղղությամբ», — ասել է նա։

Նրա խոսքով՝ ՄԱԳԱՏԷ-ի զեկույցում, որը հաճախ մեջբերում է Իսրայելը, նշվում է, որ Իրանը հարստացնում է ուրանը 60 տոկոսի մակարդակով՝ միակ երկիրը աշխարհում, որը նման կերպ է վարվում, ինչը մտահոգություն է առաջացնում։

«Բայց այն մասին, որ նրանք ստեղծում են միջուկային զենք՝ ոչ, դա մենք չենք ասել», — ընդգծել է Գրոսին։

ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությունները Իրանի դեմ սկսվել են հունիսի 13-ին, երբ Իսրայելը հայտարարել է իր գործողությունների մասին՝ նպատակ ունենալով կանխել «Իրանի զարգացած միջուկային ծրագիրը»։ Այդ պահից ի վեր Իսրայելը ռմբակոծում է Իրանի ռազմական և միջուկային օբյեկտները։ Ի պատասխան՝ Իրանը հրթիռներ և անօդաչուներ է արձակում Իսրայելի ուղղությամբ։

Հունիսի 22-ի գիշերը ամերիկյան ուժերը միջամտել են իրանա-իսրայելական հակամարտությանը՝ ավիահարվածներ հասցնելով Իրանի միջուկային ծրագրի երեք հիմնական օբյեկտներին՝ Ֆորդոյում, Նաթանզում և Իսֆահանում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր ելույթում հայտարարել է, որ Թեհրանի ուրանի հարստացման հիմնական օբյեկտները ամբողջությամբ ոչնչացվել են։

Իրանի իշխանությունները, ինչպես նույն օրը հայտնել է պետական հեռուստաընկերության փոխտնօրեն Հասան Աբեդինին, նախապես տարհանել են այդ երեք օբյեկտներից։