24 հունիսի 2025 - 11:49 AMT
Գևորգյանը ԵԽԽՎ–ում խոսել է Բաքվի «միգրացիոն սցենարի» և Հայաստանի ինքնիշխանությունը խաթարելու փորձի մասին

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ ամառային նստաշրջանում նախազգուշացրել է Ադրբեջանի «միգրացիոն սցենարի» և Հայաստանի ինքնիշխանությունը խաթարելու փորձի մասին:

Նա նշել է, որ Ադրբեջանը շարունակում է դրսևորել ագրեսիվ մոտեցում՝ առաջ մղելով այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» գաղափարախոսությունը։ Նա ընդգծել է, որ դեռ 2022 թվականին Հայաստանի իշխանություններն ընդունել են Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի տարածք, սակայն այդ քայլը խաղաղություն չի ապահովել։ Ընդհակառակը՝ այն նոր տարածքային պահանջների աղբյուր է դարձել Ադրբեջանի համար, հայտնում է Sputnik Արմենիան։

«Սա մարդասիրական նախաձեռնություն չէ, այլ հայկական տարածքների հետագա զավթմանն ուղղված աշխարհաքաղաքական ծրագիր՝ «ադրբեջանցիների հայրենադարձության» պատրվակով։ Սա մարդու իրավունքների հարց չէ։ Սա փորձ է՝ հիբրիդային ճնշման մանրակրկիտ մշակված ռազմավարությամբ խաթարելու Հայաստանի ինքնիշխանությունը՝ ներառյալ ժողովրդագրական մանիպուլյացիաները, պատմական վերաիմաստավորումը և ենթակառուցվածքային պահանջները»,– մասնավորապես ասել է Գևորգյանը։

Նա հիշեցրել է, որ թյուրքական աշխարհը արդեն իրագործել է նման էթնոքաղաքական նախաձեռնություններ Հյուսիսային Կիպրոսում և Հյուսիսային Սիրիայի մի շարք շրջաններում, և հավանական է, որ հաջորդ թիրախը դառնա Հայաստանը։

Պատգամավորը նշել է նաև, որ Իրանի և Իսրայելի միջև սրված լարվածությունը կարող է ծառայել որպես պատրվակ թյուրքական միավորումների համար՝ Հայաստանի հարավային տարածքների նկատմամբ վերահսկողություն հաստատելու համար։

«Բացի ռազմական ագրեսիայի սպառնալիքից, ավելի ու ավելի իրատեսական է դառնում այսպես կոչված «միգրացիոն սցենարը», որը ենթադրում է ժողովրդագրական ներթափանցում Հայաստանի հարավ այսպես կոչված էթնիկ թյուրք փախստականների անվան տակ։ Սրանով Հայաստանի ինքնիշխանությունը կարող է խաթարվել ոչ թե պատերազմով, այլ կանխամտածված քաղաքականությամբ»,– իր մտահոգությունն է հայտնել պատգամավորը` ավելացնելով, որ նպատակը նույնն է՝ սահմանափակել որպես ինքնիշխան, ինքնորոշված պետություն գոյություն ունենալու Հայաստանի կարողությունը և լուծել «հայկական հարցը»,-ասել է պատգամավորը։

Նա կոչ է արել Եվրոպային` չօրինականացնել Իլհամ Ալիևի բռնապետական ռեժիմը, և խոսքը միայն ադրբեջանական գազի, նավթի կամ միլիարդավոր եվրո ներդրումների մասին չէ։

«Եվրոպան անմիջական մասնակցություն ունի այդ ռեժիմի ամրապնդման գործում՝ օրինակ՝ ակտիվ աջակցություն ցուցաբերելով COP29 համաժողովին Բաքվում, անգամ այն բանից հետո, երբ տեղի ունեցան հայերի էթնիկ զտումները և կեղծ «նախագահական» ու «խորհրդարանական» ընտրությունները։ Ավելի տագնապալի էր վերջերս արված հայտարարությունը, որ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը 2028 թ. պետք է անցկացվի Բաքվում։ Կա լուրջ հավանականություն, որ այդ ժամանակ Ադրբեջանը կփորձի լիարժեք իրականացնել իր «Արևմտյան Ադրբեջանի» ծրագիրը և հերթական եվրոպական գագաթնաժողովը օգտագործել արդյունքների լեգիտիմացման նպատակով»,– ընդգծել է Գևորգյանը։

Նրա խոսքով՝ այժմ հրամայական է դադարեցնել այնպիսի քաղաքական խոսույթը, որը կարող է սպառնալ տարածաշրջանի կայունությանը և խաթարել խաղաղության հեռանկարները։

ՀՀ ԱԳՆ–ն խորապես հիասթափված է Իսլամական համագործակցության կազմակերպության՝ ԻՀԿ, նախարարական վերջին համաժողովի շրջանակներում ընդունված «Ստամբուլի հռչակագրում» և Ադրբեջանի նախաձեռնությամբ ներկայացված բանաձևերում տեղ գտած խեղաթյուրված և ծայրահեղ միակողմանի ձևակերպումների առնչությամբ։ ՀՀ ԱԳՆ–ն կոչ է արել վերոնշյալ հռչակագրին և բանաձևերին միացած ԻՀԿ անդամ երկրներին՝ վերանայել և վճռականորեն հրաժարվել Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը թիրախավորող և Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացը վտանգող կողմնակալ նախաձեռնություններից:

«ԻՀԿ անդամ պետությունների ուշադրությունը հրավիրում ենք այն փաստին, որ «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթը մարդու իրավունքների քողի ներքո Ադրբեջանի կողմից հստակ տարածքային պահանջ է ՀՀ ինքիշխան տարածքի նկատմամբ, ինչը փաստվում է անգամ այդ նպատակով արհեստականորեն ձևավորված «կազմակերպության» հիմնադիր փաստաթղթերում։ ւմ չկա և չի կարող լինել այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան», ասվում է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ։