24 հունիսի 2025 - 12:41 AMT
Կարապետյան. Քաղաքական դաշտը վերածվել է կրկեսի

Երկու ամսով կալանավորված գործարար և բարերար Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը «Ինչ հաջողվեց ներկա իշխանություններին» վերտառությամբ հերթական հայտարարությունն է տարածել՝ նշելով, որ «քաղաքական դաշտը վերածվել է կրկեսի»։

«Քաղաքական դաշտը վերածվեց կրկեսի: Ազգային ժողովը վերածվեց ձեռնամարտի մի մեծ ռինգի: Չդիմանալով օբյեկտիվ քննադատություններին, հատկապես այնպիսի ուժեղ կին քաղաքական գործիչների հնչեցրած, ինչպիսիք են օրինակ՝ Աննա Գրիգորյանը, Քրիստինե Վարդանյանը, Ագնեսսա Խամոյանը, Աննա Մկրտչյանը, Թագուհի Թովմասյանը և այլք, փոքրիկ խմբակը, չունենալով ոչ մի պատասխան, ժամանակ առ ժամանակ նետվում է ձեռնամարտի կանանց պաշտպանող քաղաքական գործիչների հետ:

Ուզում եմ պարզաբանել, թե ինչը կամ ովքեր են այդ փոքրիկ խմբակը: ՔՊ-ի այն անդաստիարակ, հարգանք չունեցող թևն է, որը նվազագույն ակնարկից պատրաստ է հոշոտել երկրի բոլոր արժեքները, նսեմացնել բոլոր սրբությունները:

Վստահ եմ, որ այդ խմբակի մեջ էլ կան պարկեշտ անձնավորություններ, որոնց համար ևս այս ամենը, մեղմ ասած՝ զզվելի, տհաճ է: Նրանց խորհուրդ եմ տալիս չվախենալ, չմոռանալ պարզ մարդկային արժեքները, չդառնալ Հայ ազգի նզովյալները: Շատ բան պետք չէ, պետք է փորձել առերեսվել մեր ժողովրդի հետ, ժողովրդի առջև արտաբերել՝ ես Հայ եմ, բառերը: Շուտով մենք միասին ներքին համերաշխություն ենք ունենալու: Պայքարելու ենք։ Շարունակելի…»։

Հունիսի 18-ին Սամվել Կարապետյանը կալանավորվել է երկու ամսով և տեղափոխվել «Արմավիր» ՔԿՀ` ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալnւն ուղղված հրապարակային կոչի համար։

Դրանից մի քանի ժամ առաջ Կարապետյանը հանդես էր եկել Հայ Առաքելական եկեղեցուն աջակցող հայտարարությամբ․«Ես մեր եկեղեցու, մեր ժողովրդի կողքին եմ: Ինչքան էլ փորձեն սևացնել, ոչ մի էլեկտրական ցանց... թքած ունեմ իրենց վրա էլ, իրենց էլցանցի վրա էլ: Ամեն ինչ լավ է լինելու, ժողովուրդը մեկ է իր խոսքն ասելու է, իրենք հասկանալու են, որ սխալվեցին»։

Ի պատասխան Փաշինյանը գրել էր․ «Պոռնկաբարո «հոգևորականներն» ու նրանց պոռնկաբարո «բարեգործներն» ինչո՞ւ են ակտիվացել։ Ոչինչ՝ նորից կպասիվացնենք։ Ընդ որում՝ ընդմիշտ»: Ավելի ուշ նա հավելել է, որ ՀԷՑ–ը պետք է պետականացվի և շատ արագ։