24 հունիսի 2025 - 13:07 AMT
Զատուլին․ Փաշինյանը փորձում է տնտեսական վիճակից դժգոհներին դեպի Կարապետայնն ուղղորդել

Ռուսաստանի Դաշնության Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը, անդրադառնալով հայտնի գործարար Սամվել Կարապետյանի շուրջ ստեղծված վիճակին, ասել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուզում է երկրում տնտեսական վիճակից «բոլոր դժգոհներին դեպի Կարապետայնն ուղղորդել»։

«Փաշինյանը փորձում է երկրում իր իսկ դրդմամբ ստեղծված տնտեսական վիճակից դժգոհողներին ուղղորդել դեպի Կարապետյանը»,–ասել է նա, գրում է ՌԻԱ Նովոստին։

Զատուլինը հավելել է, որ վարչապետը մտահոգված է 2026‑ի հունիսին նախատեսված ընտրություններով և «արշավ է սկսել Հայ Առաքելական եկեղեցու դեմ»։

«ՀՀ–ն Փաշինյանի օրոք չի կարող թույլ տալ իրեն խզել տնտեսական կապերը ՌԴ հետ։ Հայաստանի տնտեսությունը ակտիվ աճ է ցույց տվել Ռուսաստանի հետ տնտեսական կապերի շնորհիվ. երկրը դարձել է զանազան պատժամիջոցներ շրջանցելու հաբ՝ հատուկ ռազմական գործողության շրջանում։ ռուս ռելոկանտները ներդրում են արել ու բիզնես են հիմնել: Այս ամենը օգուտ է բերում, սակայն քաղաքական առումով Փաշինյանը բոլորովին այլ տեղում է»,–ասել է նա։ :

Զատուլինը համոզված է, որ Կարապետյանը կարող է հայ ժողովրդի առաջնորդ դառնալ և Փաշինյանը փաստացի նպաստում է, որ նա հանդես գա ոչ միայն որպես գործարար ևւ բարերար, այլ նաեւ որպես քաղաքական գործիչ, ժողովրդի առաջնորդ:

Հունիսի 18-ին Սամվել Կարապետյանը կալանավորվել է երկու ամսով և տեղափոխվել «Արմավիր» ՔԿՀ` ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալnւն ուղղված հրապարակային կոչի համար։

Դրանից մի քանի ժամ առաջ Կարապետյանը հանդես էր եկել Հայ Առաքելական եկեղեցուն աջակցող հայտարարությամբ․«Ես մեր եկեղեցու, մեր ժողովրդի կողքին եմ: Ինչքան էլ փորձեն սևացնել, ոչ մի էլեկտրական ցանց... թքած ունեմ իրենց վրա էլ, իրենց էլցանցի վրա էլ: Ամեն ինչ լավ է լինելու, ժողովուրդը մեկ է իր խոսքն ասելու է, իրենք հասկանալու են, որ սխալվեցին»։

Ի պատասխան Փաշինյանը գրել էր․ «Պոռնկաբարո «հոգևորականներն» ու նրանց պոռնկաբարո «բարեգործներն» ինչո՞ւ են ակտիվացել։ Ոչինչ՝ նորից կպասիվացնենք։ Ընդ որում՝ ընդմիշտ»: Ավելի ուշ նա հավելել է, որ ՀԷՑ–ը պետք է պետականացվի և շատ արագ։