24 հունիսի 2025 - 14:06 AMT
«Հանրային ձայնի» անդամ Գալստյանին մանդատից զրկելու հարցը հանվել է ավագանու նիստի օրակարգից

Երևանի ավագանին հերթական նիստում քվեարկությամբ օրակարգից հանել է «Հանրային ձայն» խմբակցության անդամ Արտակ Գալստյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հարցը։

Բանն այն է, որ իրավական հանձնաժողովը բացասական եզրակացություն էր տվել որոշման նախագծին, գրում է Panorama.am-ը։

Գալստյանն ավագանու նիստերին չի մասնակցել, քանի որ կալանքի տակ է եղել, որը հետո փոխարինվել է տնային կալանքով։

Ավագանում ՔՊ-ական խմբակցության ներկայացուցիչը հայտարարել է, որ նպատակահարմար չեն գտնում Արտակ Գալստյանին զրկել մանդատից։

Մյուս զեկուցվող հարց վերաբերում էր 1991–ի սեպտեմբերի 21–ից մինչև 2025 թվականը Երևանի նախկին թաղային համայնքներին և Երևան համայնքին պատկանած դպրոցների և մանկապարտեզների տարածքների օտարման գործընթացներն ուսումնասիրող Երևանի ավագանու քննող հանձնաժողով ստեղծելուն։

Հանձնաժողովը կունենա 12 անդամ, յուրաքանչյուր խմբակցությունից 3 անդամ։ Այն կգլխավորի ՔՊ խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը։