24 հունիսի 2025 - 14:35 AMT
Ավինյան․ Խոսում ենք 45 օտարված մանկապարտեզների մասին. ամեն ինչ անում են, որ թեման շեղեն

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Երևանի ավագանու նիստում հայտարարել է, որ քննարկման հիմնական առարկան 45 օտարված մանկապարտեզներն են, և ըստ նրա՝ «Մայր Հայաստան» խմբակցությունը դիտավորյալ փորձում է շեղել ուշադրությունը։

«Խոսում ենք 45 օտարված մանկապարտեզների մասին, և «Մայր Հայաստան» խմբակցությունը նպատակադրված ամեն ինչ անում է, որ թեման շեղի։ Մենք դա ձեզ թույլ չենք տալու»,–ասել է Ավինյանը, հայտնում է Radar.am-ը։

«Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմենակ Դանիելյանը հարց էր ուղղել, որն առնչվում էր մանկապարտեզներում առկա հերթերին։ Ավագանու անդամը պնդել է, որ հարցին պատասխանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Քաղաքապետը հորդորեց կարդալ կանոնակարգը.«Կանոնակարգը բացեք և կարդացեք, որ անընդհատ նույն հարցերին նույն շրջապտույտը չանենք։ Հարցերն ուղղվում են զեկուցողին, լինում են զեկուցվող հարցի վերաբերյալ»,- նշել է Ավինյանը։

Զեկուցվող հարց վերաբերում էր 1991–ի սեպտեմբերի 21–ից մինչև 2025 թվականը Երևանի նախկին թաղային համայնքներին և Երևան համայնքին պատկանած դպրոցների և մանկապարտեզների տարածքների օտարման գործընթացներն ուսումնասիրող Երևանի ավագանու քննող հանձնաժողով ստեղծելուն։

Հանձնաժողովը կունենա 12 անդամ, յուրաքանչյուր խմբակցությունից 3 անդամ։ Այն կգլխավորի ՔՊ խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը։