24 հունիսի 2025 - 15:13 AMT
Իրանի փոխդեսպան․ Մեր ուժն է ստիպել Իսրայելին գալ եզրակացության, որ պետք է հրադադար հաստատել

ՀՀ-ում Իրանի փոխդեսպան Բահրամ Թահիրին լրագրողների հետ զրույցում ասել է, որ, իրենց տվյալներով, հունիսի 24–ի առավոտից հրադադար է հաստատվել, որն ընդհանուր առմամբ պահպանվում է։

«Իրանին այս պատերազմը պարտադրվեց, որը տևեց 12 օր։ Մեր ժողովուրդը զինված ուժերի ու բոլոր կառույցների շուրջ համախմբած, արժանի պաշտպանություն իրականացրեց, թշնամին, ի վերջո, ստիպված եղավ ընդունել հրադադարը»,- ասել է նա, գրում է Panorama.am-ը։

Դեսպանը նշել է, որ Իրանը կպահպանի հրադադարն այնքան, ինչքան թշնամին հավատարիմ կմնա դրան։

«Սակայն եթե որևէ հերթական սխալ քայլն իրականացվի Իրանի դեմ, վստահ կարող եմ ասել, որ մեր պատասխանը շատ ավելի ցավոտ կլինի»,- ասել է դիվանագետը։

Երբ նրան հարցրել են՝ կարո՞ղ է արդյոք այս հակամարտության արդյունքում Իրանը թուլացած դուրս գալ, Թահիրին վստահորեն հերքել է նման հեռանկարը։

«Ոչ, հնարավոր չէ։ Առհասարակ, կարող եմ ասել, որ այսօր Իրանում համերաշխությունն ու միասնականությունը նախկինից ավելի բարձր է, մեր պատրաստակամությունը՝ պաշտպանել մեր հայրենիքը, նախկինից ավելի բարձր է։ Ոչ մի թուլություն, ոչ մի թույլ կետ, թե մեր ժողովորդի մեջ, թե պետական համակարգում, գոյություն չունի։

Եթե որևէ մի թուլություն լիներ, ապա նրանք կշարունակեին այս գործողությունները, հենց մեր ուժն է ստիպել նրանց գալ այդ եզրակացություն, որ պետք է հրադադար հաստատել»,–ասել է դեսպանը։

Նրա գնահատմամբ՝ հակառակորդին չի հաջողվել հասնել իր նպատակներին։

«Նրանք ցանկանում էին սպառնալ, վտանգի ենթարկել մեր երկրի գոյություն։ Այս նպատակները չիրականացան»,–ասել է դեսպանը։

Հունիսի լույս 22-ի գիշերը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է Իրանում երեք միջուկային օբյեկտների՝ Ֆորդոյում, Նաթանզում և Իսֆահանում իրականացված հաջող հարվածի մասին։ Ավելի ուշ նա հայտարարել է, որ այդ օբյեկտները լիովին ոչնչացվել են և այս գործողությունն անվանել է նշանակալի ռազմական հաջողություն։ Իսրայելը հունիսի 13-ից սկսած ամեն օր օդային հարվածներ է հասցրել Իրանի տարածքին՝ նպատակ ունենալով վերացնել իսլամական հանրապետության հրթիռային և միջուկային ծրագիրը։