24 հունիսի 2025 - 15:15 AMT
Կարապետյանին տեղափոխել են «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Գործարար Սամվել Կարապետյանին «Արմավիր» ՔԿՀ-ից տեղափոխել են «Երևան-Կենտրոն» ՔԿՀ։ Այդ մասին հայտնել է ՀՀ ԱՆ ՔԿԾ Հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը, տեղեկացնում է «Փաստինֆոն»։

Թե ինչ հանգամանքներով է պայմանավորված նման քայլը, դեռևս հստակ չի հաղորդվում։ ՔԿԾ-ից փոխանցել են միայն, որ տեղափոխումը իրականացվել է «ծառայողական անհրաժեշտությունից ելնելով»։

Սամվել Կարապետյանի տեսակցությունները, ինչպես պարզվել է, սահմանափակված են՝ թույլատրվում է հանդիպել միայն իր ընտանիքի անդամների ու փաստաբանների հետ։

«Այնուամենայնիվ, հաշվի առնելով, որ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ն հայտնի է իր խիստ պայմաններով, չի բացառվում, որ Կարապետյանի մեկուսացումը կարող է էլ ավելի խստանալ»,–ասվում է հրապարակման մեջ։

Հունիսի 18-ին Սամվել Կարապետյանը կալանավորվել է երկու ամսով և տեղափոխվել «Արմավիր» ՔԿՀ` ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալnւն ուղղված հրապարակային կոչի համար։

Դրանից մի քանի ժամ առաջ Կարապետյանը հանդես էր եկել Հայ Առաքելական եկեղեցուն աջակցող հայտարարությամբ․«Ես մեր եկեղեցու, մեր ժողովրդի կողքին եմ: Ինչքան էլ փորձեն սևացնել, ոչ մի էլեկտրական ցանց... թքած ունեմ իրենց վրա էլ, իրենց էլցանցի վրա էլ: Ամեն ինչ լավ է լինելու, ժողովուրդը մեկ է իր խոսքն ասելու է, իրենք հասկանալու են, որ սխալվեցին»։

Ի պատասխան Փաշինյանը գրել էր․ «Պոռնկաբարո «հոգևորականներն» ու նրանց պոռնկաբարո «բարեգործներն» ինչո՞ւ են ակտիվացել։ Ոչինչ՝ նորից կպասիվացնենք։ Ընդ որում՝ ընդմիշտ»: Ավելի ուշ նա հավելել է, որ ՀԷՑ–ը պետք է պետականացվի և շատ արագ։