24 հունիսի 2025 - 15:32 AMT
Գուժ Մանուկյանի հուղարկավորության կազմակերպման հանձնաժողով կստեղծվի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ կստեղծվի ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր և Մովսես Խորենացի մեդալակիր Գուժ Մանուկյանի հուղարկավորության կազմակերպման հանձնաժողով:

Նա հեռացել է կյանքից 88 տարեկանում։

Գուժ Մանուկյանի դերակատարումները հայտնի են իրենց հոգեբանական խորը ու վավերական լուծումներով։ Նրա նշանավոր կերպարներից են եղել Միտրոֆանը (Դենիս Ֆոնվիզինի «Տհասը»), Սարոն («Անուշ», ըստ Հովհաննես Թումանյանի), Պյոտրը (Մաքսիմ Գորկու «Քաղքենիներ»), Բուկինգհայմը (Ուիլյամ Շեքսպիրի «Ռիչարդ III»), Բլյունչլին (Բեռնարդ Շոուի «Շոկոլադ ուտող զինվորը»), Կարանդիշևը (Ալեքսանդր Օստրովսկու «Անօժիտը»), Տիգրան Մեծը (Պերճ Զեյթունցյանի «Աստվածների կանչը»), ինչպես նաև Ալֆրեդը (Բերնարդ Շոուի «Իմ չքնաղ լեդինը»)։

1981 թվականին նա ստացել է ՀՀ պետական մրցանակ՝ Տիգրան Մեծի կերպարի բարձր արվեստով մեկնաբանության համար Պերճ Զեյթունցյանի «Աստվածների կանչը» ներկայացման մեջ։

Նկարահանվել է նաև կինոյում՝ սկսած 1964 թվականից՝ մասնակցելով ընդհանուր առմամբ 22 կինոնախագծի։ Նրանց թվում են Մարսելը («Սգավոր ձյունը», ըստ Անրի Թրուայայի, ռեժիսոր՝ Յուրի Երզնկյան, 1978 թ., հեռուստաֆիլմ), Արմենը («Կյանքի լավագույն կեսը», ռեժիսոր՝ Ալբերտ Մկրտչյան, 1979 թ.), և Գայը («Մեռիր ձիու վրա», ռեժիսոր՝ Գրիգոր Մելիք-Ավագյան, 1980 թ.)։

1980 թվականին նրան շնորհվել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստի կոչումը, իսկ 1998-ին արժանացել է Մովսես Խորենացիի մեդալին։