Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) ներկայացրել է Հայաստանի մակրոտնտեսական նորացված կանխատեսումները՝ 2025-2027 թվականների համար։ Ըստ գնահատականների՝ 2025–ին երկրի ՀՆԱ-ն կաճի 5.5%-ով, 2026-ին՝ 5.3%-ով, իսկ 2027-ին՝ 5.0%-ով։
Այս նոր ցուցանիշները մի փոքր գերազանցում են նախորդ կանխատեսումներին, ինչին նպաստել են մի շարք գործոններ, այդ թվում՝ ՀՀ կենտրոնական բանկի վերջին գնահատականները, գրում է Sputnik Արմենիան։
ԿԲ-ն այժմ 5%-անոց աճի տեմպը դիտարկում է որպես բնական տնտեսական նորմ, մինչդեռ նախկինում այն գնահատվում էր 4–4.5%-ի սահմաններում։
Սա պայմանավորված է նաև արդյունավետության աճով, որի վրա ազդել է նաև 2022 թվականից հետո ռելոկանտների հոսքը: Ակնկալվում է, որ հետադարձ հոսքը կլինի աստիճանական, ինչը տնտեսությանը ժամանակ կտա ադապտացվելու համար։
ԵԱԶԲ-ն անդրադարձել է նաև գնաճային միտումներին։ Ըստ վերլուծաբանների՝ 2023-2024 թվականներին արձանագրվել է ցածր գնաճ՝ մոտ 1% կամ նույնիսկ բացասական մակարդակում։ Վերջին ամիսներին, սակայն, գնաճը որոշ չափով աճել է և սպասվում է, որ կպահպանվի մոտ 3%-ի սահմաններում կամ մի փոքր բարձր՝ պայմանավորված միջազգային շուկաներում սննդամթերքի գների վերականգնմամբ ու վերաֆինանսավորման տոկոսադրույքի շարունակական նվազմամբ։
Այս քայլերը՝ իրականացված Կենտրոնական բանկի կողմից վերջին 1.5 տարվա ընթացքում, միտված են եղել տնտեսության խթանմանը։
Ըստ ԵԱԶԲ-ի կանխատեսումների՝ 2025-ի տարեվերջին գնաճը կլինի 3.1%, 2026-ին՝ 3.0%, իսկ 2027-ին՝ 2.5%։ Այս արժեքները համապատասխանում են ԿԲ-ի սահմանած նպատակային միջակայքին՝ 3% ±1%։
Հայկական դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կանխատեսվում է, որ կնվազի չափավոր տեմպով։ 2025-ին կանխատեսվում է 1 դոլարի դիմաց 392 դրամի փոխարժեք, իսկ 2026-2027 թվականներին՝ 402-403 դրամի սահմաններում։
Փոխարժեքի այս տատանումները պայմանավորված կլինեն դրամով ներդրումների գրավչության նվազումով՝ տոկոսադրույքների նվազման հետևանքով, ինչպես նաև ներմուծման աճով՝ ներքին կայուն պահանջարկի պայմաններում։
ԵԱԶԲ վերլուծաբանները նաև նշել են հնարավոր ռիսկեր, որոնց շարքում առանձնացվել են աշխարհաքաղաքական բացասական զարգացումների հավանական սցենարները։ Նման դեպքերում կարող են սրվել գնաճային ճնշումները, նվազել արտաքին պահանջարկը (հատկապես զբոսաշրջային ոլորտում) և բարձրանալ հայկական ակտիվների ռիսկային պարգևավճարները։