Երևանի Հրազդանի կիրճին հարող տարածքում տեղակայված նախկին մանկապարտեզը, որը տարիներ առաջ ծառայել է Ֆիզիկայի ինստիտուտի բանավանի բնակիչներին, այժմ հանվել է վաճառքի՝ 3 միլիոն 420 հազար դոլարով, հայտնում է «Հետքը»։
Գույքի վաճառքով զբաղվող ընկերություններից մեկը հրապարակել է տեսանյութ՝ տարածքի հնարավորությունները ներկայացնելու համար։
«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում տեղադրված տեսանյութում գույքի վաճառքով զբաղվող աշխատակիցը թվարկում է առավելությունները․ «Հրազդանի կիրճի, կարծում եմ, վերջին հողատարածքն է։ 5700 քառակուսի, աներեւակայելի գեղեցիկ տեսարանով։ Մի հատ ուղղակի նայեք։ Կարծում եմ՝ լավագույն տարբերակը՝ կառուցել շենք, եւ ամեն բնակարանը կունենա դեպի ձոր տեսարան։ Քառակուսի մետրի արժեքը՝ ընդամենը 600 դոլար։ Հողատարածքը տնամերձ է, նաեւ ասեմ, որ ունի բոլոր կոմունիկացիոն հարմարությունները»։
Նշված հողամասը ներառում է շինություններ, որոնք նախկինում օգտագործվել են որպես մանկապարտեզ՝ կազմված չորս առանձին մասնաշենքերից։ Այն ժամանակ այդ հաստատությունն ընդգրկում էր ֆիզգորոդոկի երեխաներին, սակայն տարիների ընթացքում դադարել է գործել։
«Հետքի» կատարած ուսումնասիրություններով պարզվել է, որ Հայաստանի անկախացումից հետո միայն Երևանում փակվել է առնվազն 87 մանկապարտեզ, որոնց տարածքները սեփականաշնորհվել են։ Ըստ հրապարակված փաստերի՝ կենտրոնում գտնվող շատ շենքեր անցել են պաշտոնյաների կամ ազդեցիկ անձանց ձեռքը, իսկ ծայրամասերում՝ վերափոխվել են բնակելի շենքերի։
Վաճառվող մանկապարտեզը, որը գտնվում է Ալիխանյան եղբայրներ փողոցում՝ Աջափնյակ վարչական շրջանում, սեփականաշնորհվել է դեռևս 2006 թվականին։ Նախկինում այն հաշվառված է եղել որպես «Ֆիզիկայի ինստիտուտ» ՊՈԱԿ-ի գույք։
Ալիխանյան եղբայրներ փողոցում գտնվող մանկապարտեզը 152 միլիոն դրամով գնել էր նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հովանավորյալը՝ Մանվել Ղարիբյանը։ Մանկապարտեզի տարածքը գրանցված է «Շանթ պլյուս» ՍՊԸ-ի անունով։ Ընկերության բաժնետերերը երկուսն են՝ Մանվել Ղարիբյանը (70%) եւ Արամ Ղարիբյանը (30%)։
Ներկայումս մի շարք մանկապարտեզների տարածքների վերաբերյալ դատախազության հայցերով դատական գործընթացներ են ընթանում՝ նպատակ ունենալով դրանք վերադարձնել համայնքային սեփականությանը։
«Երբ փորձել ենք պարզել՝ արդյոք Ֆիզիկայի ինստիտուտին երբևէ պատկանած մանկապարտեզի տարածքի վերադարձն պետությանը նախաձեռնվել է իրավական մակարդակում, մեր գրավոր հարցմանը ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից հայտնել են, որ տվյալ գույքի վերաբերյալ քրեական վարույթ այս պահին առկա չէ։
Տեղեկացվել է, որ նշված գույքի վերաբերյալ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից իրականացվում է ուսումնասիրություն՝ դատարան հայց ներկայացնելու նպատակով։
Սա նշանակում է, որ գույքի վերադարձի հարցը դեռ գտնվում է նախնական փուլում, և այն հնարավոր է ստանա ընթացք՝ եթե ուսումնասիրության արդյունքում վեր հանվեն պետության շահերի խախտման հիմքեր»,–ասվում է հրապարակման մեջ։
2019-2020 թվականներին «Հետքը» մանրամասն անդրադարձել է մանկապարտեզների սեփականաշնորհման գործընթացին։ Այդ հրապարակումներից հետո՝ 2020 թվականին, իրավապահ մարմինները մի քանի քրեական գործ են հարուցել։ Նման գործերից մեկում որպես մեղադրյալ անցնում է Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը։