Լեռնային Ղարաբաղից 2020 թվականին տեղահանված քաղաքացիներին տրամադրվող բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում գործածվող հավաստագրերի վավերության ժամկետը կրկին երկարաձգվել է։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացրել է, որ ժամկետը փոխվել է՝ 2025 թվականի հուլիսի 1-ից տեղափոխվելով մինչև նույն տարվա դեկտեմբերի 31-ը։
Նախարարությունից նշել են, որ շահառուներին նոր հավաստագրեր չեն տրամադրվելու, և վարկավորման գործընթացում հիմք են ընդունվելու արդեն իսկ տրված հավաստագրերը։
Ծրագրի շրջանակում ԼՂ առանձին շրջաններից տեղահանված ընտանիքները կարող են ձեռք բերել, կառուցել և վերակառուցել իրենց սեփական տունը։
«Ըստ այդմ, Միասնական սոցիալական ծառայության հետ համագործակցող բանկից կամ վարկային կազմակերպությունից հիփոթեքային վարկ ստանալու դեպքում՝ պետությունը հավաստագրի միջոցով իրականացնում է վարկային ժամանակացույցին համապատասխան մայր գումարի և տոկոսագումարի սուբսիդավորում, մասնավորապես՝
Երևանում ամսական վճարների մարման համար հանրագումարային մինչև 8 մլն դրամ մայր գումարի և դրա նկատմամբ հաշվեգրվող մինչև 8% տոկոսագումարի գծով
ՀՀ մարզային բնակավայրերում ամսական վճարների մարման համար հանրագումարային մինչև 10 մլն դրամ մայր գումարի և դրա նկատմամբ հաշվեգրվող մինչև 10% տոկոսագումարի գծով
ՀՀ առանձին գյուղական բնակավայրերում ամսական վճարների մարման համար հանրագումարային մինչև 12 մլն դրամ մայր գումարի և դրա նկատմամբ հաշվեգրվող մինչև 12% տոկոսագումարի գծով
Սահմանամերձ բնակավայրում հիփոթեքային վարկով բնակելի անշարժ գույք ձեռք բերելու դեպքում հիփոթեքային վարկի ամսական վճարների մարման համար հանրագումարային մինչև 14 մլն դրամ մայր գումարի և դրա նկատմամբ հաշվեգրվող մինչև 13% տոկոսագումարի գծով
Սահմանամերձ բնակավայրում անհատական բնակելի տուն կառուցելու, ինչպես նաև Սյունիքի և Վայոց ձորի մարզերում առաջնային շուկայից (անմիջապես կառուցապատողից) բազմաբնակարան բնակելի շենքում հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու դեպքում հիփոթեքային վարկի ամսական վճարների մարման համար հանրագումարային մինչև 16 մլն դրամ մայր գումարի և դրա նկատմամբ հաշվեգրվող մինչև 13% տոկոսագումարի գծով։
Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։