Գործարար, բարերար Սամվել Կարապետյանի աջակցությամբ ստեղծվել է փաստաբանական թիմ, որն անվճար կաջակցի ապօրինի քրեական հետապնդման ենթարկված քաղաքացիներին։
Սամվել Կարապետյանի աջակցությամբ գործող փաստաբանական թիմը համակարգում են փաստաբաններ Լուսինե Մարտիրոսյանն ու Միհրան Պողոսյանը, հայտնում է Aysor.am-ը։
Նախաձեռնությունը, որը գործարկվել է հունիսի 23–ին, արդեն գրավել է շատ քաղաքացիների ուշադրությունը, ովքեր պնդում են, թե իրենց նկատմամբ կիրառվել են անօրինական հետապնդումներ։
Լուսինե Մարտիրոսյանը, ով համակարգում է թիմի աշխատանքը, պարզաբանել է, որ շատ փաստաբաններ կամավոր հիմունքներով միացել են այս նախաձեռնությանը՝ նպատակ ունենալով իրավական աջակցություն ցուցաբերել։
«Նախաձեռնությունն ունի որոշակի սահմաններ, վերաբերելի է բացառապես կալանքի տակ գտնվող անձանց, այս պահի դրությամբ՝ մենք իրավական պաշտպանություն ենք տրամադրելու այն քաղաքացիներին, ովքեր կդիմեն մեզ, կներկայացնեն իրենց գործերն ու ուսումնասիրության արդյունքում մենք կհայտնաբերենք, որ, այո՛, կան ակնհայտ կոպիտ խախտումներ»,- նշել է նա։
Նրա խոսքով՝ չնայած դիմողների քանակը մեծ է, այս պահի դրությամբ դեռևս չկան այնպիսի դեպքեր, որոնք համապատասխանում են նախանշված չափորոշիչներին։
«Զանգերն ու նամակները բավականին շատ են։ Գիտենք, որ մեր իրավական համակարգից բողոքողներն ուղղակի բազմաթիվ են, չեմ ուզում անուններ տալ՝ ովքեր են դիմել, բայց մարդկանց շատ դժվար էր բացատրելը՝ իհարկե, հասկանալի է, որ դուք ապօրինի քրեական հետապնդման եք ենթարկվում ու ենթարկվում եք ձեր ազատ կարծիքն արտահայտելու հետևանքով, բայց կան որոշակի սահմաններ», - մանրամասնել է փաստաբանը։
Մարտիրոսյանը հավելել է, որ ինքը գտնում է, թե պայքարն արդարության համար պարտադիր է։
«Դատական համակարգում դեռ կան հենասյուներ, ես կարծում եմ ու գտնում եմ, որ, այո՛, փաստաբաններս պարտավոր ենք կանգնել քաղաքացիների կողքին՝ հասնելու այն մակարդակին, որ, ի վերջո, արդարությունը հաղթի, արդարադատությունը պետք է լինի անկախ ու անաչառ»,- հավելել է Սամվել Կարապետյանի աջակցությամբ գործող փաստաբանական թիմի համակարգողը։
Կարապետյանը հունիսի 21-ին, «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից հրապարակված ուղերձով առաջարկ է8 ներկայացրել՝ հիմնելու այս նախաձեռնությունը։
«Ամեն օր միջանցքներում և տեսակցության վայրերում հանդիպելով կալանավորներին՝ զարմանում եմ, թե ինչքան ծաղկուն տարիքի տղաներ են այստեղ գտնվում և վստահ եմ, որ նրանցից շատերն ինձ նման անօրինական որոշումների հիման վրա, իսկ ոմանք՝ ոչ մեծ հանցագործությունների արդյունքում են հայտնվել այստեղ։ Եվ չվախենալով հսկիչների ներկայությունից՝ բղավում են, որ իրենց վերջին հույսը ես եմ։ Ու այսօրվանից իմ փաստաբանական խմբի բազայի վրա հրավիրելու ենք տարբեր անաչառ փաստաբանների, ովքեր պատրաստ են աջակցել և փորձել վերանայել վերջին յոթ տարիների այդպիսի գործերը և պայքարել ցանկացած հայ մարդու խախտված իրավունքների համար։ Այդ ամենի»,-նշել էր նա։