24 հունիսի 2025 - 17:31 AMT
ԵՄ-ն մտահոգված է ադրբեջանական Abzas Media-ի լրագրողների խիստ դատավճիռներով

Եվրամիությունն արձագանքել է ադրբեջանական անկախ Abzas Media-ի լրագրողների ազատազրկմանը։

«Abzas Media-ի լրագրողների և աշխատակիցների նկատմամբ բանտարկության խիստ դատավճիռները մտահոգիչ զարգացում են»,- ասվում է ԵՄ արտաքին գործողությունների ծառայության հայտարարության մեջ, հայտնում է Factor.am-ը։

Նշվում է, որ անկախ լրագրությունը կարևոր դեր է խաղում թափանցիկության, հաշվետվողականության և տեղեկացված հանրային քննարկման ապահովման գործում։

«Եվրոպական Միությունը կոչ է անում Ադրբեջանին հարգել մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները, կատարել իր միջազգային պարտավորությունները և անհապաղ քայլեր ձեռնարկել բոլոր լրագրողների և լրատվամիջոցների աշխատողների համար անվտանգ և նպաստավոր միջավայր ապահովելու համար։ ԵՄ-ն շարունակում է հանձնառու մնալ Ադրբեջանի հետ մարդու իրավունքների շուրջ երկխոսությունն ու համագործակցությունը շարունակելու հարցում»,-ասվում է հայտարարության մեջ։

Ավելի վաղ Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը Abzas Media-ի տնօրեն Ուլվի Հասանլիին, գլխավոր խմբագիր Սևինջ Վագիֆքըզիին, հետաքննող լրագրող Հաֆիզ Բաբալիին և «Ազատություն» ռադիոկայանի լրագրող, տնտեսագետ Ֆարիդ Մեհրալիզադեին դատապարտել էր 9 տարվա ազատազրկման, լրագրողներ Նարգիզ Աբսալամովային և Էլնարա Գասիմովային՝ 8 տարվա, իսկ Abzas Media-ի համակարգող Մուհամմադ Կեկալովին՝ 7 տարի 6 ամսվա ազատազրկման։

Photo. AP