24 հունիսի 2025 - 17:51 AMT
Ծիծեռնակաբերդի հուշապատում տեղադրվել է Լեմկինի հուշաքարը

«Ցեղասպանություն» տերմինի հեղինակ, միջազգային իրավունքի նշանավոր ներկայացուցիչ Ռաֆայել Լեմկինի ծննդյան օրը՝ հունիսի 24-ին, Ծիծեռնակաբերդում գտնվող Հայոց ցեղասպանության հուշահամալիրի Հուշապատում ամփոփվել է անվանի գիտնականի և իրավապաշտպանի Նյու Յորքի գերեզմանոցից բերված հողով սափորը և տեղադրվել նրա անվամբ հուշաքար։

Նախաձեռնությունը հարգանքի և երախտագիտության տուրք է այն անձին, ով առաջինը գիտական և իրավական շրջանակում ձևակերպել է ազգային պատկանելության հատկանիշով մարդկանց հետապնդումն ու սպանությունն որպես մարդկության դեմ հանցագործություն։ Հատկանշական է, որ այս հուշակոթողը տեղադրվել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված տարում, հայտնում է Արմենպրեսը։

Ռաֆայել Լեմկինի ջանքերով է 1948 թվականի դեկտեմբերի 9-ին ընդունվել ցեղասպանության կանխարգելման և պատժի վերաբերյալ առաջին միջազգային կոնվենցիան։

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանն իր ելույթում նշել է, որ հուշաքարի տեղադրումը երախտագիտության ակտ է՝ ուղղված Լեմկինի հիշատակին՝ հայոց ողբերգության համաշխարհային ընկալման գործում ունեցած վաստակի համար։

«Նա այն մարդն էր, ով կարողացավ մեկ բառով արտահայտել հայերի ապրած ամբողջ սարսափը և դնել արդարության համար միջազգային պայքարի հիմքը»,- նշել է Էդիտա Գզոյանը՝ հավելելով, որ Լեմկինի գործունեությունն անջնջելի հետք է թողել հայ ժողովրդի պատմության մեջ։

Արարողության ընթացքում ելույթներով հանդես են եկել նաև Վիտոլդ Ռեպետովիչն ու Նարեկ Պողոսյանը։

Ապրիլ ամսին Էդիտա Գզոյանը մամուլի ասուլիսում հայտնել էր, որ 2025 թվականին Հուշապատում իր տեղը կգտնի նաև ֆրանսիացի նավատորմի հրամանատար Լուի դե Ֆյուրնեի անունը, որի նախաձեռնությամբ փրկվել են Մուսա լեռան մոտ 4000 հայ հերոսական դիմադրության մասնակիցներ։

Հուշապատի 100 մետրանոց բազալտե հատվածում փորագրված են հարյուրավոր բնակավայրերի անուններ, որոնց հայ բնակչությունը ենթարկվել է Օսմանյան կայսրության իրականացրած կոտորածներին և բռնի տեղահանություններին։

1996 թվականից Հուշապատում ամփոփվում են Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դրա միջազգային լուսաբանմանն ուղղված աշխատանքներում աչքի ընկած օտարազգի գործիչների գերեզմաններից վերցված հողով լցված սափորներ, որոնց անուններով տեղադրվում են հուշաքարեր։ Այստեղ իրենց հուշաքարերն ունեն Ֆրիտյոֆ Նանսենը, Բենեդիկտոս XV-ը, Ջակոմո Գորինին, Անատոլ Ֆրանսը, Ջեյմս Բրայսը, Յոհաննես Լեփսիուսը, Ֆրանց Վերֆելը, Արմին Վեգները, Հենրի Մորգենթաուն, Հեդվիգ Բյուլը, Ֆայեզ ալ Ղուսեյնը, Կարեն Եփփեն, Յակոբ Կյունցլերը, Բոդիլ Բյորնը, Մարիա Յակոբսենը, Ալմա Յոհանսոնը, Կլարա Բարտոնը։