24 հունիսի 2025 - 18:04 AMT
Գաբրիելյանի կալանքը երկարացվել է, մյուսներինը՝ փոխարինվել տնային կալանքով

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի լիազորություններից ժամանակավորապես զրկված դատավոր Արտուշ Գաբրիելյանը կշարունակի մնալ կալանավորված,, չնայած գործով անցնող մյուս երկու մեղադրյալների խափանման միջոցները փոխվել են։ Հակակոռուպցիոն դատարանը՝ Խաչիկ Ղազարյանի նախագահությամբ, նախնական դատալսման փուլում որոշել է երկարաձգել Արտուշ Գաբրիելյանի կալանքի ժամկետը ևս երեք ամսով։

Նույն գործով կալանավորված մնացած երկու մեղադրյալների խափանման միջոցը դատարանը փոխել է՝ կիրառելով տնային կալանք, հայտնում է «Փաստինֆոն»։

Մասնավորապես, Զոհրաբ Սիխարուլիձեի՝ Յեզգատյանի պաշտպանը միջնորդել է կալանքը փոխարինել տնային կալանքով, առաջարկելով նաև բացակայելու արգելք և 2 միլիոն դրամ գրավ։ Դատախազության ներկայացրած միջնորդության մեջ ընդգծվել է, որ Սիխարուլիձեն տարեց անձ է, և նրա խնամքին է գտնվում հոգեկան խնդիրներ ունեցող դուստրը։

Գործով անցնող մյուս մեղադրյալի՝ Գալուստ Խուրշուդյանի պաշտպանը ներկայացրել է նմանատիպ միջնորդություն՝ հիմնավորելով, որ վերջինիս խնամքին է գտնվում 91-ամյա մայրը։ Դատարանը երկու դեպքում էլ ընդունել է այդ փաստարկները և փոխել մեղադրյալների խափանման միջոցները՝ տնային կալանքի։

Արդյունքում այժմ միայն Արտուշ Գաբրիելյանն է գտնվում կալանքի տակ։ Նա մեղադրվում է կաշառք ստանալու մեջ։

Պաշտպան Էրիկ Ալեքսանյանը դատարանում ընդգծել է, որ Արտուշ Գաբրիելյանն արդարադատության համակարգում ունի քսաներկու տարվա փորձ, և, հետևաբար, ունի բարձր իրավագիտակցություն, ինչը հակասում է նրա կողմից ապօրինի վարքագծի հավանականությանը։ Նա նշել է նաև, որ գործով ներգրավված վկաներից ոչ մեկը որևէ տվյալ չի ներկայացրել, որը կբացահայտեր Գաբրիելյանի անօրինական վարքագիծը։ Վկաների նախաքննական ցուցմունքները, ըստ պաշտպանի, վերաբերում են միայն իրենց ծառայողական պարտականություններին և Արտուշ Գաբրիելյանի հետ ունեցած մասնագիտական հարաբերություններին՝ նշելով վերջինիս խստապահանջությունը և աշխատանքային կարգապահությունը։

Պաշտպան Ալեքսանյանը նաև տեղեկացրել է դատարանին, որ Արտուշ Գաբրիելյանն ունի առողջական լուրջ խնդիրներ և տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը ՀՀ կառավարության 825-Ն որոշմամբ ներառված է կալանքին խոչընդոտող հիվանդությունների ցուցակում։ Նա չի նշել հիվանդության անունը՝ մեղադրյալի համաձայնությամբ։ Հղում անելով Վճռաբեկ դատարանի և ՄԻԵԴ-ի իրավական դիրքորոշումներին՝ փաստաբանը պնդել է, որ Գաբրիելյանի առողջական վիճակը անհամատեղելի է կալանքի հետ և առաջարկել է կալանքը փոխարինել տնային կալանքով՝ սահմանելով նաև բացակայելու արգելք։

Դատարանը, սակայն, մերժել է միջնորդությունը և կայացրել է որոշում՝ կալանքի ժամկետը երկարացնել ևս երեք ամսով։

Քրեական գործը, որով մեղադրանք է առաջադրվել Արտուշ Գաբրիելյանին, վերաբերում է կաշառք ստանալուն։ Ըստ գործի նյութերի՝ Արտուշ Գաբրիելյանը, իբր, պահանջել և ստացել է 10,000 ԱՄՆ դոլար՝ պայմանով, որ մեղադրյալի գործով դատավարությունը կձգձգի, իսկ հետագայում այն կկարճվի վաղեմության ժամկետի լրանալու հիմքով։

Դատական գործով, բացի Գաբրիելյանից, մեղադրյալներ են նաև Գալուստ Խուրշուդյանը, որը մեղադրվում է օժանդակություն ցուցաբերելու մեջ, և Զոհրաբ Սիխարուլիձեն (Յեզգատյան), որն ըստ մեղադրանքի՝ կաշառք է տվել։ Վերջինս հենց այն մեղադրյալն է, որն անցնում էր թմրանյութերի վերաբերյալ գործով և, ըստ մեղադրանքի,պայմանավորվածություն էր ձեռք բերվել՝ իր վերաբերյալ դատաբժշկական փորձաքննություն նշանակելու և որոշումը սահմանված կարգով փորձագիտական հիմնարկ չուղարկելու եղանակով դատաքննությունն անհարկի ձգձգելու և արդյունքում հանցանքի կատարման վաղեմության ժամկետները լրանալու հիմքով մեղադրյալին քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ: