Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը ԵՄ–Հայաստան քաղաքացիական հասարակության պլատֆորմի շրջանակում կայացած քննարկման ժամանակ հայտարարել է, որ ԵՄ-Հայաստան գործընկերության նոր օրակարգի շուրջ բանակցությունները գրեթե ավարտվել են։
Նրա խոսքով՝ նոր ձևավորվող օրակարգում առանցքային տեղ է զբաղեցնում Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի ամբողջական կիրարկումը և դրանում ամփոփված հնարավորությունների լիարժեք օգտագործումը, հայտնում է Արմենպրեսը։
Մարագոսը հիշեցրել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը տարիներ առաջ այդ համաձայնագիրը բնութագրել է որպես բարեփոխումների հստակ ծրագիր, որը կառավարությունը հետևողականորեն իրականացնում է։
Դեսպանը նշել է, որ այս պահին բազմաթիվ ենթահանձնաժողովներ արդեն գործում են, իսկ հուլիսին Բրյուսելում նախատեսված է գործընկերության գլխավոր կոմիտեի նիստը։
«Սա վկայում է մեր ունեցած փոխազդեցության խորության ու հաճախականության մասին»,- ընդգծել է նա։
Մարագոսի գնահատմամբ՝ բարեփոխումների գործընթացը իրապես բարդ բնույթ ունի և պահանջում է տեխնիկական աջակցություն ու փորձագիտական փորձի փոխանակում ԵՄ անդամ պետությունների և այլ գործընկերների ներգրավմամբ։ Նա ընդգծել է, որ առկա է հստակ հանձնառություն ինչպես կառավարության, այնպես էլ քաղաքացիական հասարակության կողմից։
Դեսպանը հավելել է, որ այս պահին ընթանում են աշխատանքներ գործընկերության նոր օրակարգի մշակման ուղղությամբ։
«Բանակցությունները գրեթե ավարտված են, և դրա նպատակն է Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի ներուժի լիարժեք իրագործումը։ Սա համատեղ պարտավորություն է»,- նշել է նա։
Մարագոսի խոսքով՝ ԵՄ-ի հիմնական առաջնահերթություններից է Հայաստանի կայունության ամրապնդումը։ Այդ նպատակով անցյալ տարի մեկնարկել է կայունության և տնտեսական աճի խթանման ծրագիր, որը ներառում է մի շարք կոնկրետ քայլեր՝ սկսած տնտեսության բազմազանեցումից մինչև մտավոր սեփականության և սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտներում եվրոպական չափանիշների ներդրումը։
«Պետք է կարողանանք կազմակերպել մեր երկխոսությունն ու ռեսուրսները՝ հիմնվելով այն հսկայական հանձնառության վրա, որը տեսնում ենք երկու կողմերից»,- ամփոփել է ԵՄ դեսպանը։