ԵՄ-ի և Հայաստան միջև վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսությունն ակտիվ փուլում է։Այդ մասին Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը հայտարարել է ԵՄ-Հայաստան քաղաքացիական հասարակության պլատֆորմի շրջանակներում կազմակերպված քննարկման ժամանակ։
Նրա խոսքով՝ սա համագործակցության նոր ուղղություններից է, որն ամրագրված է նաև ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերության (CEPA) համաձայնագրում, հայտնում է Արմենպրեսը։
«Շատ կարևոր է, որ անցյալ տարվա հուլիսին մենք որոշեցինք առաջ շարժվել այս երկխոսության ուղղությամբ։ Աշխատանքները շարունակվում են»,– նշել է Մարագոսը։
ԵՄ դեսպանը տեղեկացրել է, որ այս պահին իրականացվում է կոնկրետ աշխատանք Հայաստանի իշխանությունների հետ՝ վիզային ազատականացման գործողությունների ծրագրի նախապատրաստման ուղղությամբ։ Այդ ծրագիրը կոչված է ուղղորդելու ոլորտային բարեփոխումները։
ԵՄ արտգործնախարարների 2024թ․հուլիսի 22-ին տեղի ունեցած խորհրդի նիստի ժամանակ կայացված որոշմամբ Եվրահանձնաժողովը սկսում է Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսությունը։