ԼՂ փախստականների իրավապաշտպան միությունը հայտարարություն է տարածել Ադրբեջանում Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի ներկայության դադարեցման վերաբերյալ՝ նշելով, որ դա լրջորեն կվնասի հայ ռազմագերիների պաշտպանությանը և կթուլացնի նրանց նկատմամբ վերահսկողությունը։
«Ադրբեջանի տարածքում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցչության գործունեությունն այլևս չի շարունակվի, ինչպես հայտարարել է «Ռազմագերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով պետական հանձնաժողով»-ն արդեն հունիսի 17-ին։ Ներկայացուցչության փակումը կարող է զգալիորեն սահմանափակել այն մեխանիզմները, որոնց միջոցով կարելի է վերահսկել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների իրավունքների պաշտպանությունը, խոչընդոտել նրանց հետ շփման հնարավորությունները և մեծացնել ինչպես հոգեբանական, այնպես էլ ֆիզիկական բռնության ենթարկվելու վտանգը։
Ուշագրավ է, որ մինչ այս պահը ԿԽՄԿ-ն միակ կառույցն է եղել, որն ունեցել է անմիջական մուտք ռազմագերիների և կալանավորների մոտ՝ նաև անձամբ այցելելու ձևաչափով։
Ըստ ԿԽՄԿ-ի ադրբեջանական գրասենյակի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովայի՝ հայ ռազմագերիների և այլ կալանավորների հետ կազմակերպության ներկայացուցիչների վերջին հանդիպումը կայացել է հունիսի 19-ին։ Նրա փոխանցմամբ՝ այդ այցերի ընթացքում տեղի են ունեցել անհատական զրույցներ կալանավորների հետ, նրանք ստացել են ընտանիքներից ուղարկված ծանրոցներ և հնարավորություն՝ փոխանակվել ընտանիքի նորություններով։ Հատուկ պայմաններ են ստեղծվել նաև հարազատների հետ կապի պահպանման համար։
Հարկ է ընդգծել, որ ԿԽՄԿ-ն իր մանդատի շրջանակում այցելելիս գնահատում է կալանավորների պահման պայմաններն ու նրանց նկատմամբ վերաբերմունքը՝ միաժամանակ օգնելով նրանց՝ վերականգնելու կամ պահպանելու կապը ընտանիքների հետ։ Ըստ կոմիտեի կողմից սահմանված գործընթացների՝ նման այցելությունների արդյունքում ձևավորված դիտարկումներն ու առաջարկությունները փոխանցվում են բացառապես համապատասխան պետական մարմիններին։
Հաշվի առնելով, որ ԿԽՄԿ-ի հիմնական նպատակն է մեղմացնել հակամարտության հետևանքով առաջացած հումանիտար խնդիրները, գրասենյակի փակման հետևանքով հայ ռազմագերիների վիճակը գործնականում հանձնվում է ադրբեջանական իշխանությունների լիակատար վերահսկողությանը, իսկ հումանիտար աջակցությունը մնում է անիրականացված»,–ասվում է հայտարարության մեջ։
Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունը միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Կարմիր Խաչի գրասենյակի գործունեության դադարեցմանը զուգահեռ՝ Ադրբեջանի իշխանությունները փորձում են փակել նաև այլ միջազգային կառույցների գրասենյակներ։ Սա լուրջ վտանգ է ներկայացնում միջազգային հումանիտար իրավունքի գործնական պաշտպանության համար։ Մասնավորապես 2025 թվականի մայիսի 6-ին ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը դադարեցրել է աշխատանքը՝ Ադրբեջանի կառավարությունից ստացած պաշտոնական ծանուցման հիման վրա։
Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միությունն ընդգծել է ԿԽՄԿ-ի առանձնահատուկ մանդատն ու լիազորությունները՝ կապված Ադրբեջանում պահվող հայ կալանավորների իրավունքների պաշտպանման հետ և հանդես եկել հետևյալ կոչով՝
-շարունակել կատարել միջնորդի դերակատարություն հայ ռազմագերիների և Ադրբեջանի իշխանությունների միջև՝ նպատակ ունենալով երաշխավորել միջազգային մարդասիրական իրավունքի պահպանումը։
-պահպանել պարբերական այցերը՝ վերահսկելու բոլոր հայ ռազմագերիների պահման պայմաններն Ադրբեջանում։
-հատուկ ուշադրություն դարձնել կալանավորների մոտ առկա ակնհայտ վնասվածքների առաջացման հանգամանքներին։
-մշտապես հետևել Ադրբեջանի կողմից ապօրինի կալանավորված հայ անձանց դրությանը, ովքեր ենթարկվում են քաղաքական հետապնդման, անարդար վերաբերմունքի և էթնիկ հալածանքի՝ ապահովելու նրանց հիմնարար իրավունքները։
Հիշեցնենք, որ հայ ռազմագերիների նկատմամբ ֆիզիկական ու հոգեբանական ճնշումների վերաբերյալ կոնկրետ տվյալներ են հրապարակվել հունիսի 5-ին՝ ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովի (USCIRF) կազմակերպած լսումներում՝ «Կրոնական ազատության պայմաններն Ադրբեջանում» խորագրով։ Հանձնաժողովին ներկայացված վկայությունները ցույց են տվել, որ գերիները ենթարկվել են ծեծի և վիրավորանքների՝ կրոնական և էթնիկական հիմքով։
Միաժամանակ, Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միությունը կոչ է անում Ադրբեջանի կառավարությանը՝ լիարժեքորեն կատարել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 7-ի որոշումը, ըստ որի՝ կիրառված ժամանակավոր միջոցներով դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին պաշտպանել պատերազմի ընթացքում կամ դրանից հետո գերեվարված բոլոր անձանց բռնությունից ու ֆիզիկական վնասվածքներից՝ ապահովելով նրանց անվտանգությունն ու օրենքի առջև հավասարությունը։
Կազմակերպությունը միջազգային կառույցներին հորդորում է երաշխավորել հումանիտար կազմակերպությունների անխափան գործունեությունը Ադրբեջանում՝ հայ ռազմագերիների և կալանավորների իրավունքների լիարժեք պաշտպանության համար։
Միաժամանակ, կոչ է ուղղվում Ադրբեջանին՝ անհապաղ ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց, որոնք պահվում են անօրինականորեն՝ կատարելով «Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին» 1949 թվականի Ժնևյան կոնվենցիայի պահանջները, մասնավորապես 118-րդ հոդվածը, համաձայն որի՝ ռազմական գործողությունների դադարեցումից հետո բոլոր ռազմագերիները պետք է անհապաղ վերադարձվեն հայրենիք։
2023 թ․ սեպտեմբերին, Արցախում իննամսյա շրջափակումից և ամբողջ հայ բնակչության էթնիկ զտումից հետո, Ադրբեջանը գերեվարել է Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, ինչպես նաև նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, արտգործնախարար Դավիթ Բաբայանին և մի շարք այլ նախկին ղեկավարների։ Նրանց ներկայացված կեղծ մեղադրանքները կարող են հանգեցնել նույնիսկ ցմահ ազատազրկման։ Հունվարի 17-ին Բաքվում սկսվել է Արցախի ղեկավարների գործով շինծու դատավարությունը։