24 հունիսի 2025 - 19:11 AMT
Արդեն հայտագրվել է մոտ 9000 առաջին դասարանցի՝ մեկնարկել է հայտագրման հիմնական փուլը

Սկսվել էառաջին դասարանցիների հայտագրման հիմնական փուլը, որն իրականացվում է hayt.emis.am հարթակի միջոցով։ Այս փուլով կատարվում է 2019 թվականին ծնված երեխաների ընդունելությունը հանրակրթական ուսումնական հաստատությունների առաջին դասարան՝ այն դպրոցներում, որտեղ ուսուցումը կազմակերպվում է հայերենով։

Հունիսի 24-ի՝ ժամը 15:30-ի դրությամբ արդեն գրանցվել է ավելի քան 8900 երեխա։ Ընդհանուր առմամբ՝ ներառյալ նախորդ փուլը, որի ժամանակ հայտագրվել էին տվյալ դպրոցում սովորողների քույրերն ու եղբայրները, ինչպես նաև դպրոցում աշխատողների զավակները, առաջին դասարան հաճախելու նպատակով հայտագրվածների թիվը կազմել է մոտ 18,900։

Հուլիսի 1-ից կսկսվի հայտագրման երրորդ փուլը, որը կիրականացվի haytru.emis.am կայքի միջոցով։ Այս փուլը նախատեսված է այն ընտանիքների համար, որոնք ցանկանում են իրենց երեխաներին ուղարկել ռուսերենով ուսուցում ապահովող դասարաններ։ Ըստ կարգավորման՝ այս փուլը վերաբերում է այն դեպքերին, երբ ծնողը օտարերկրացի է, երկքաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող անձ, կամ եթե ծնողը ՀՀ քաղաքացի է՝ պատկանելով ազգային փոքրամասնություններին։ Հայտագրման համակարգը բաց կմնա մինչև 2025-2026 ուսումնական տարվա ավարտը։

Հիշեցվում է, որ 2025-2026 ուսումնական տարվանից առաջին դասարան կարող են հաճախել այն երեխաները, որոնց վեց տարին լրանում է մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ։ Իսկ այն երեխաները, որոնց յոթ կամ ութ տարին լրանում է մինչև նույն ժամկետը, սակայն ուշ են ընդգրկվում կրթության մեջ, պետք է դասավորվեն տարիքին համապատասխան դասարաններում։

Այս տարում ուժի մեջ է մտել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի 1640-Ն հրամանը, որով փոփոխվել է դպրոցների ընդունելության կարգը։ Նոր կարգի համաձայն՝ այն երեխաները, որոնք նախկինում չէին կարող սկսել ուսումնառությունը առաջին դասարանից, այլ պետք է հաճախեին տարիքային համապատասխան դասարան, ծնողի դիմումով կարող են ներկայացվել կրթության առանձնահատուկ պայմանների գնահատման։ Եթե արդյունքներով արձանագրվի 3-րդ կամ 4-րդ աստիճանի աջակցության անհրաժեշտություն մանկավարժահոգեբանական ծառայություններից, ապա այդ երեխան կարող է ընդգրկվել իր տարիքից մեկ տարի ցածր դասարանում։ Օրինակ՝ յոթ տարեկան երեխան կարող է ընդունվել առաջին դասարան, ութ տարեկան երեխան՝ երկրորդ դասարան։ Այս դեպքում ընդունելությունն իրականացվում է ոչ թե էլեկտրոնային համակարգով, այլ՝ հաստատության տնօրենի կողմից՝ ծնողի դիմումի հիման վրա, որն ուղարկվում է համապատասխան գնահատման։

Փոփոխված կարգով հստակեցվել են նաև ընդունելության և դպրոցից դպրոց տեղափոխության ժամկետներն ու դեպքերը։ Մինչև յուրաքանչյուր ուսումնական տարվա մայիսի 1-ը կարող է իրականացվել սովորողի տեղափոխությունը մեկ դպրոցից մյուսը՝ բացառությամբ բնակության վայրի փոփոխության կամ արտերկրից տեղափոխության դեպքերի։ Ինչ վերաբերում է սոցիալապես անապահով ճանաչված ընտանիքների երեխաներին, ապա նրանց համար կիրառվող առաջնահերթությունների ձևակերպումները համապատասխանեցվել են գործող իրավական դրույթներին։

Հստակեցվել են նաև այն փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ է ներկայացնել այդ կարգավիճակի ապացուցման համար, ինչպես նաև դրանց ստուգման և ներկայացման ժամկետները։